Տրակտորի ուղևորուհուն մի կերպ հասցրել են ծննդատուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2012 13:45
“Անկախն” անդրադարձել էր, որ փետրվարի 21-ին` ժամը 14.56-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է թրթուրավոր տրակտոր, երեք ուղևորներից մեկը վատառողջ է, և նրան անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց: Այժմ հայտնում ենք լրացուցիչ մանրամասներ դեպքի կապակցությամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկից մինչև արգելափակված տրակտոր 3 կմ-ոց ճանապարհահատվածը շարունակել են ոտքով`ավտոտրանսպորտի անցանելիության անհնարինության պատճառով:
Պարզվել է, որ ուղևոր,1992 թվականին ծնված Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է շտապ տեղափոխել ծննդատուն:
Հրշեջ-փրկարարները Գ.Ֆարոյանին պատգարակով հասցրել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ, այնուհետև մասնավոր ավտոմեքենայով` Ապարան քաղաքի հիվանդանոց:
Ի դեպ, նույն օրը ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղի բնակիչ,1946 թվականին ծնված Գյուլիզար Ֆարեյանը վատառողջ է, նրան անհրաժեշտ է բուժօգնություն, իսկ դեպի գյուղ տանող ճանապարհը փակ է:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները և Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից երկու բժիշկ`Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկից մինչև Ճարճակիս գյուղ (մոտ 5 կմ) ճանապարհը անցելով ոտքով, հիվանդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
