Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 240-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 12:27

Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արրոյոն հայտարարել է նախագահական Մալականանգ պալատը բաց է լինելու հեղեղումներից անտուն մնացած մարդկանց համար:

Էվակուացվածները, ինչպես նշել է նախագահը, ապաստան կստանան պալատի տարածքում տեղադրված վրաններում, անհհրաժեշտության դեպքում անտուն մարդկանց օթևան կտան նաև արքունիքի աշխատակիցներն իրենց բնակարաններում:

Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվն այսօր արդեն հասել է 240-ի:

Ավելի վաղ երկրի ղեկավարությունը օգնության խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը` վերացնելու բնական աղետի հետևանքները:

Ջրհեղեղի պատճառով շուրջ 450 հազար մարդ անտուն է մնացել: Ժամանակավոր կացարաններում բնակվում են 375 հազար մարդ: Շատերը կորցրել են իրենց ողջ ունեցվածքը:

Ֆիլիպինների պաշտպանության նախարարն ասել է, որ վիճակն ավելի կվատթարանա, եթե հումանիտար օգնությունը սպառվի: «Անում ենք ամեն ինչ` հիմնական կարիքները հոգալու համար, սակայն կա իրավիճակի վատթարացման վտանգ»,- ասել է նա:

Զինվորականներն ու կամավորները փրկել են մոտ 7900 մարդու: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Կեստանա փոթորիկը, որի ւ արագությունը հասնում է 100 կմ/ժամի, Ֆիլիպիններ է հասել շաբաթ օրը արևելքից: 12 ժամվա ընթացքում Մանիլայում տեղացել են 40 սմ տեղումներ, այն դեպքում, երբ սեպտեմբերի տեղումների նորման 39 սմ է: Դրանից անմիջապես հետո Ֆիլիպինների մայրաքաղաքում և տուժած 25 նահանգներում «աղետալի դրություն» է հայտարարվել:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply