Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի մտավորականները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 22, 2012 14:03

Մոսկվայում փետրվարի 22-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի մտավորականներից բաղկացած աշխատանքային խմբի հանդիպումը՝ չորս տարվա ընդմիջումից հետո: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ այս մասին Российская газета-ում հրապարակված «Երկրորդ փորձ» խորագրով հոդվածում գրել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Իհարկե, այս ընթացքում անցկացվել են հանդիպումներ տարբեր մակարդակներով. սկսած նախագահների հանդիպումներից, վերջացրած երկու երկրների մարզիկներից՝ տարբեր միջազգային մրցաշարարերի շրջանակներում Բաքվում և Երևանում»,- ընդգծել է Շվիդկոյը:

Նրա խոսքերով՝ մտավորականների երկկողմ հանդիպումների չորս տարվա ընդմիջումը չէր կարող պատահական լինել: «Չնայած նրան, որ դիվանագիտական մակարդակներում հանդիպումները չեն ընդհատվել երկար ժամանակահատվածով, այս հումանիտար երկխոսությունը, որի նախաձեռնողներն էին ՌԴ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Փոլադ Բյուբյուլօղլին և Արմեն Սմբատյանը, շարունակել, երկարեցնել չհաջողվեց՝ տարբեր պատճառներով. սկսած անձնականից, վերջացրած վերին օղակներից եկած հրանագներով»,- գրել է Շվիդկոյը:

Նրա խոսքերով՝ նման հանդիպումների ընթացքում երկու երկրների մտավորականները սովորում են խոսել միմյանց հետ, միաժամանակ հասկանալով, որ խոսքը չի գնում Լեռնային Ղարաբաղի դժվար հակամարտության լուծման մասին, այլ այն մթնոլորտի ստեղծման, որի արդյունքում, երկու հարևանները կփորձեն լսել միմյանց:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել այս նպատակի իրականացմանը:

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply