Հորն ու կնոջը դանակով սպանողի 1,5 տարեկան երեխան դեպքից 24 օր անց մահացել է մանկատանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 11:11

Լոռիի մարզի Դարպաս գյուղում սեփական հորն ու կնոջը դանակով սպանող Մարտին Աբրահամյանի անչափահաս, 1,5 տարեկան տղան  դեպքից 24 օր անց մահացել է Վանաձորի մանկատանը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը:

«Երեխային որ բերեցին մեզ մոտ, արդեն հիվանդ էր, կաթված տարած երեխա էր»,-ասաց նա: Ըստ Արշալույս Հարությունյանի, ահասարսուռ դեպքից հետո հաշմանդամ փոքրիկը գտնվել է հարեւանների տանը, ու որոշվել էր երեխայի  ժամանակավոր խնամքը կազմակերպելու համար նրան տեղափոխել Վանաձորի մանկատուն, քանի որ առաջ էին եկել մի շարք թղթաբանական հարցեր «Երեխան 2 շաբաթ մնաց մեզ մոտ, նրա թղթերը բարեկամի մոտ էին, իրենք էլ ասեցին մոր մահվան գումարները կստանան նոր կզբաղվեն էդ հարցերով»,-ասաց Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ, երեխայի մանկատանը գտնվելու ժամանակ շարունակվել են նշանակված բոլոր բուժումները, սակայն, ըստ նրա, երեխան որտեղ էլ լիներ, մահանալու էր: «Այս 1,5 տարվա ընթացքում այդ երեխային նորմալ չեն պահել, հետո մոր ու պապիկի մահից հետո հարեւանների մոտ ա եղել, էդ երեխան մենակ կրծքով էր սնվում»,-ասաց տնօրենը:

Նշենք, որ դեպքից հետո, դատարանի որոշմամբ Մարտին Աբրահամյանը ճանաչվել է անմեղսունակ և այժմ գտնվում է հոգեբուժարանում, իսկ նրա 6-ամյա աղջկա խնամակալ է ճանաչվել մորական տատը:

NEWS.am-ի հավաստի տեղեկություններով երեխայի մահվան հետ կապված Լոռիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Լոռիի մարզի Դարպաս գյուղում նույն գյուղի բնակիչ Մարտին Աբրահամյանը կոշկակարության համար ծառայող դանակով սպանել էր սկզբում կնոջը, հետո նաեւ սեփական հորը: Նրա մանկահասակ 2 երեխաները, սպանությունից հետո, մոտ մեկ շաբաթ եղել են հարեւանների մոտ, նրանց խնամակալության տակ:

 

News.am

Լուսանկարն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

 

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply