ԵԱՀԿ պատվիրակությունը հայ-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգ է իրականացնում

Օրվա լուր | | September 29, 2009 12:05

119Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ Իջևանի սահմանագծին տեղի է ունենում հերթական 223-րդ մոնիտորինգը: Կասպրշիկի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ողջունելով խմբի անդամնրին: ԵԱՀԿ դեսպանին տվյալներ ներկայացրեց Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանը:

Նա նշեց, որ հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ շարունակվում են ադրբեջանական կողմից կրակահերթերը: Մարտի 20-ին ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից վիրավորվել է մի պայմանագրային զինծառայող:

Չնայած Հելսինկիում 2008-ին ԵԱՀԿ նախագահների հանդիպման ընթացքում ընդունվել է փաստաթուղթ` դիպուկահարներին առաջատար գծից հանելու մասին, սակայն Ադբեջանը շարունակում է խախտել համաձայնագիրը. առաջատար գծի ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից են հիմնականում զոհեր լինում:

Գնդապետը նշեց, որ հաճախ կրակոցներ են լինում քաղաքացիական մարդատար մեքենաների վրա՝ հատկապես Կիրանց-Բաղանիս հենակետի ուղղությամբ:

Իսկ այս տարվա օգոստոսի 23-ին խոշոր տրամաչափի հրազենից կրակոցներ են եղել բնակելի վայրերի ուղղությամբ: Տավուշի մարզպետը նշեց, որ հատկապես բերքահավաքի ժամանակ կրակոցները դժվարացնում են աշխատանքները: Նա առաջարկեց Կասպերշիկին, որ Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի իշխանությունների հետ դեմ առ դեմ քննարկման հնարավորություն լինի և հանդիպման վայր. որպես չեզոք գոտի՝առաջարկեց ընտրել վրացական կողմը:

Մարզպետն ասաց, որ վերջին կրակոցների ժամանակ դաշտում բռնկվել է մի կոմբայն, որը մինչ հիմա էլ այրված վիճակում դաշտում է:

Կասպերշիկը նշեց, որ երբ մեկնի Ադրբեջան, Ղազախի իշխանությունների հետ կքննարկի մարզպետի առաջարկած հանդիպման հնարավորությունը:

Կողմերը կապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Հայկական կողմն առաջարկել է հանդիպել Բերքաբեր գյուղի մոտ, սակայն ադրբեջանական կողմը չի համաձայնել` հանդիպման վայր առաջարկելով ադրբեջանական Մազամլի գյուղը:

Մոնիտորինգի ավարտից հետո`հոկտեմների 1-ին, Մինսկի խմբի համանախագահները գալու են Երևան՝ նախապատրաստելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանի ողջ երկայնքով` ներառյալ ԼՂՀ-ն, արձանագրվել է 3394 կրակոց:

Սեպտեմբերի 6-ին Չինարիում ադրբեջանական կողմի կրակոցից մահացել է 1 զինծառայող, իսկ սեպտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանում վիրավորվել է 1 զինծառայող:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply