Արթուր Աբրահամի մրցակիցն է Պյոտր Վիլշեւսկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2012 9:48


Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի:

“Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ”,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի  5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերիԱնդրանիկ Օզանյանշքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալովՀայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ անվանի բռնցքամարտիկը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում:

 

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply