Մաշտոցի այգու շինարարությունը վաղուց էր ծրագրված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 17:04
Այս պահին Մաշտոցի այգում կրպակների շինարարությունն այլեւս իրողություն է: Հիսունից ավելի ոստիկաններ հսկում են տարածքը` թույլ չտալով բնապահպաններին ու քաղաքացիներին խոչընդոտել շինարարական աշխատանքները: Այս տեմպով շարունակելու դեպքում մի քանի օրից կրպակների շինարարությունն արդեն ավարտված կլինի:
Երեկվա համեմատ այսօր ակտիվիստներն ավելի քիչ են:
Շինարարներն արդեն տարածքից դուրս են հանել մեքենաները: Նշենք, որ թեեւ շինարարությունն իրականացնելու նպատակով շինարարները ծառեր չեն կտրել, սակայն փոխարենը կտրել են ծառի արմատներն ու բետոնապատել ծառերից որոշների բների հատվածը: Կրպակների մեջտեղում մնացած մանկական ճոճանակը կարծես ծաղր լինի. մի ժամանակ այստեղ այգի է եղել, որտեղ երեխաներին խաղալու են տարել, զբոսնել:
Ընդհանուր տիրում է հիասթափված տրամադրություն, քաղաքացիներից շատերը նշում են, որ իշխանությունները հերթական անգամ հուսախաբ արեցին իրենց, եւ որ այս քաղաքապետը ոնչնով չի տարբերվում իր նախորդներից, նույնիսկ գերազանցում է նրանց:
Ակտիվիստներին աջակցելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու են եկել նաեւ մշակութային եւ հասարակական գործիչներ:
Ի դեպ, կրպակներ կառուցելու ծրագիրը վաղուց է եղել. երկու տարի առաջ, երբ բախտ ունեցանք գրել Մաշտոցի այգում շրջող գեոդեզական մեքենաների ու շինարարական ինչ-որ աշխտանանքնեևի մասին, քաղաքապետարանից խիստ զարմացած արձագանքել էին. “Այդ տարածքը հանրային տարածք է, եւ այնտեղ ոչ մի այլ բան չի կարող կառուցվել”:
Մարիամ Մուղդուսյան






Facebook
Tweet This
Email This Post
