ԱՄՆ դեսպանատունը սարքավորումներ է նվիրաբերում ՀՀ ոստիկանության կրթահամալիրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 15:52

Ս.թ. փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպեց կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և նվիրաբերեց մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ: Սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ ոստիկանության անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով:

ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից նվիրաբերված սարքավորումները նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար: Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում:

Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում: Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով:

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply