«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը2012թ. ԱԺ ընտրությունների մասնակիցներին առաջարկում է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 21, 2012 15:31

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկում է հետևյալ կետերը ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում

1. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները

1.1 Վերացնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:

2. Հասարակական միջավայր

2.1 Լեզվի տեսչությունն իր կատարած աշխատանքների վերաբերյալ հանրությանը և Ազգային Ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններ, ամբողջ ծավալով կատարի  իր գործառույթները` հայտնաբերել և արդյունավետ միջոցառումներով վերացնել Լեզվի մասին օրենքի խախտումներն այն կազմակերպությունների կողմից, որոնց գրագրությունը, պիտակները, ցուցանակները, գովազդային վահանակները  միայն օտարալեզու են:

2.2 Ստեղծել Լեզվի պետական տեսչության պաշտոնական կայք, ուր կտեղադրվի տեղեկատվություն համապատասխան օրենքների պահանջների, տեսչության գործունեության արդյունքների, անցկացրած ստուգումների և դրանց արդյունավետության մասին:

Կայքի, սոցցանցերի  և հեռախոսային թեժ գծի միջոցով  հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին տեղեկացնել տեսչությանը «Լեզվի մասին օրենքի» խախտումների մասին և հետագայում կայքով տեղեկացնել  համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

2.3 Հանձնարարել կառավարությանն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ստեղծել կարգ, ըստ որի` բոլոր նորաստեղծ տնտեսվարող հիմնարկները գրանցման ժամանակ կտեղեկացվեն «Լեզվի մասին» օրենքի համապատասխան պահանջների մասին:

3. Կրթություն

3.1 Հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը և այդ գործընթացի շարունակականությունն ապահովող համակարգի ստեղծումը:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում ի հայտ են եկել միջնակարգ կրթական ծրագրեր, որոնք գնալով ավելի մեծ տարածում են գտնում ժամանակակից բովանդակության ընտրության և մատուցման արդյունավետ լուծումների շնորհիվ: Դրանցից մեկն է Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը: Այս պահին հայերենը ներառված չէ այն լեզուների ցանկում, որոնցով կատարվում է այդ ծրագրով դասավանդումը, այն դեռևս չի կարող տեղ գտնել հայալեզու դպրոցներում, և այդպիսով զգալիորեն հարստացնել կրթական մոտեցումների բազմազանությունը: Այսպիսով, վտանգվում է միջնակարգ կրթության ոլորտում հայերենով ժամանակակից մեթոդներով որակյալ կրթության ապահովումը:

Անհրաժեշտ է լիակատար թարգմանել և տեղայնացնել վերոնշյալ ծրագիրը:

Ծրագրի  թարգմանության, համապատասխան դպրոցներում ներդրման, Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից հայերեն ծրագրի պաշտոնական ճանաչման համար հանձնարարել Կառավարությանը Կրթության և գիտության նախարարության միջոցով հիմնել կազմակերպություն, որին կարող են միանալ  մասնավոր և պետական հաստատություններ, համապատասխան մասնագետներ:

3.2 Համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը և ներմուծումը կրթական միջավայր` կրթության աստիճանական մեդիականացման միջոցով:

Աստիճանաբար մեծանում է անգլիալեզու կրթական բովանդակության և հեռավար կրթության ծավալը համացանցում, այն թույլ է տալիս  հեռակա ռեժիմում ստանալ տարբեր կրթական աստիճաններ: Հայաստանում գոյություն չունեն նման առցանց աղբյուրներ:

Հանձնարարել Կրթության և գիտության նախարարությանը ուսումնասիրելով միջազգային փորձը  ստեղծել առցանց հայերեն կրթական ծրագրեր, իսկ այն արժեքավոր  կրթական առցանց ծրագրերը, որոնք թարգմանության հնարավորություն են տալիս թարգմանել հայերեն:

3.3 Ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը, առաջին հերթին  անգլերենի, այն գործիքն է, առանց որի դժվարանում է մարդու մասնագիտական առաջխաղացումը, հաղորդակցությունը տարբեր հանրությունների ու անհատների հետ, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, հետաքրքրությունների ոլորտի ընդլայնումը: Բազմաթիվ պետություններ պետական միջոցներ չեն խնայում իրենց ազգային հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցումն արդյունավետ դարձնելու համար: Հայաստանում թեև դպրոցներում դասավանդվում են  օտար լեզուներ, սակայն որակն այնքան ցածր է, որ շրջանավարտներն անգամ լեզվի տարրական գիտելիքներ չեն ստանում: Այս իրավիճակը նպաստում է, որ շատ ծնողներ ձգտեն իրենց զավակներին տալ օտարալեզու կրթության: Այն ծնողները, ովքեր մի փոքր ֆինանսական հնարավորություն են ունենում, իրենց զավակներին տալիս են անգլերենի մասնավոր դասերի: Այս իրավիճակում հայկական դպրոցներում աշակերտներին բարձրորակ անգլերեն ուսուցանելու և դրա շնորհիվ անգլերենի դասավանդման որակի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել անգլերենի ուսուցման բնագավառում:

Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակը բարձրացնելու նպատակով ներմուծել անգլերենի դասավանդման ժամանակակից արդյունավետ ծրագրեր, անգլերենի ուսուցիչներին վերապատրաստել միջազգային վերապատրաստման դասընթացներում կամ Հայաստանում ստեղծել անգլերենի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման միջազգային չափանիշներին համապատասխան հաստատություն:

4 Տեխնիկական հնարավորություններ

4.1 Կառավարությանը հանձնարարել ստեղծել թվանշային տեխնոլոգիաների հայացման կազմակերպություն, որը պետք է.

ա) Իրականացնի անհրաժեշտ աշխատանքներ` ՀՀ -ում վաճառքի հանվող բոլոր համակարգիչներում հայերեն օպերացիոն համակարգերի և հայերեն ստեղնաշարերի, իսկ բոլոր բջջային հեռախոսների մեջ հայերեն հրամանացանկերի տեղադրման, հայկական տառերը տեսնելու և հայոց այբուբենով գրելու հնարավորության ստեղծման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում՝ համագործակցել համապատասխան միջազգային ընկերությունների հետ՝ տեխնիկական հնարավորություններ ստեղծելու համար:

բ) Խրախուսի դրամաշնորհներով կամ այլ միջոցներով թվանշային հետևյալ գործիքների ստեղծումը.

•           Հայերենի բառարանների (բացատրական, հոմանիշների, լեզվի դարձվածքների և այլն) էլեկտրոնային տարբերակներ, բառագանձ շտեմարաններ (թեզաուրուսներ):

•           ուղղագրիչ ծրագրեր տարբեր ծրագրային միջավայրերի համար

•           թարգմանիչներ՝ տարբեր մասնագիտական բնագավառների համար (Գուգլ, ԱԲԲԻԻ եւ այլ ընկերությունների հետ համագործակցելով)

•           ստեղնաշարի սարքավարներ (դրայվերներ), վերայլագրիչներ (վերակոդավորիչներ):

•           հայերենի քերականական, բառարանային գիտելիքների վերաբերյալ կայքեր, ուր կզետեղվեն  ընդարձակ տեղեկություններ հայոց լեզվի մասին, հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու հնարավորություն  քերականական, ուղղագրական և լեզվական այլ խնդիրների վերաբերյալ (Ռուսաստանում գործում է  պետության նախաձեռնությամբ հիմնված և պետության կողմից ֆինանսավորվող այդպիսի грамота.ру (gramota.ru) կայքը):

գ) Նպաստի օգտագործողների շրջանում այդ հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը և լայն կիրառմանը:

դ) Միջոցներ ձեռնարկել հայատառ տիրույթային (domain) անունների հնարավորության ստեղծման և օգտագործման հանար (ինչպես օրինակ լատինատառ aravot.am-ից բացի հնարավորություն ստեղծվի ունենալ առավոտ.հա), ինչպես դա արդեն արվել է բազմաթիվ այլ երկրներում (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության՝ .рф, Ուկրաինա՝ .укр): Քաղաքացիներին և Հայաստանում գրանցված կազմակերպություններին հնարավորություն տալ գրանցել հայատառ տիրույթային մեկ անվճար անուն:

 

5. Թարգմանական գրականություն

5.1 Նոր ձևավորվող քաղաքակիրթ պետություններն իրենց առաջնահերթ խնդիրն են դարձնում համաշխարհային ծանրակշիռ և ազդեցիկ հումանիտար (գեղարվեստական, փիլիսոփայական և այլ) գրականության թարգմանությունը, որը նպաստում է ազգային լեզվի մրցունակության բարձրացմանը, իր քաղաքացիներին մայրենի լեզվով կրթված լինելու հնարավորություն տալիս, հարստացնում ազգային մշակույթը: Առաջին թարգմանական մշակույթ ունեցող ազգերից մեկն այսօր թարգմանության բնագավառում վերջին տեղերում է գտնվում: Այս իրավիճակը սպառնում է հայերենը մղել կենցաղային լեզուների շարքը:

Անհրաժեշտ է մշակել համաշխարհային գրականությունը հայերեն թարգմանելու ազգային ծրագիր: Այդ նպատակով Կառավարության նախաձեռնությամբ ստեղծել տեղական և սփյուռքի տարբեր բնագավառների մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կորոշի թարգմանության արժանի  գրականության ցանկը, թարգմանության հետ կապված խնդիրները, դրանց հաղթահարման ճանապարհները (մի շարք լեզուների մասնագետների պատրաստման խնդիրը և այլն): Ծրագիրն իրականացնել ինչպես բյուջետային, այնպես էլ այլ միջոցներով:

6. Գրահրատարակչություն

6.1 Մայրաքաղաքում հայերեն գրքեր վաճառող երեք-չորս գրախանութ է մնացել: Հայերեն գրքի հրատարակությունը շահավետ չէ, քանի որ շուկան սահմանափակ է և երկրի սոցիալական վիճակը թույլ չի տալիս մարդկանց գիրք գնել: Շատ ավելի զարգացած և մեծ շուկա ունեցող երկրներում գրահրատարակչությունը զարգացնելու համար այդ ոլորտի հարկերը իջեցնում են: Սակայն Հայաստանում ոչ միայն հարկերը չեն նվազեցվում, այլ հակառակը` 2011թ. դեկտեմբերին ընդունված «Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով» գրքի գնի մեջ մտցվում է ԱԱՀ, որի պատճառով գիրքը թանկանում է 20 տոկոսով:

Անհրաժեշտ է գրքերի վաճառքից հանել ավելացած արժեքի հարկը և մշակել գրահրատարակչությունը զարգացնելու համար հայեցակարգ:

7. Հեռուստատեսություն

7.1 Օտարալեզու ֆիլմերի համար ապահովել պարտադիր հայերեն թարգմանություն, իսկ օտարալեզու կամ մասամբ օտարալեզու, այդ թվում` ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդումների համար` զուգահեռ հայերեն թարգմանություն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ


Էլ.փոստ՝ info@nochangeinlanguagelaw.org

Հեռ՝ (099) 24 44 92, (055) 39 54 19

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply