Կարինե Դանիելյան. «Երեւանը էկոլոգիական աղետի գոտի է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 13:30

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր ասել է, որ Երեւանն էկոլոգիական աղետի գոտի է:

“Մենք մանրամասն ուսումնասիրել ենք քաղաքի բոլոր ցուցանիշները եւ եկել այն եզրակացության, որ վերջին 15 տարիների քաղաքաշինությունն ահռելի վնաս է պատճառել քաղաքին ”,- ասել է բնապահպանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Մաշտոցի այգում իրականացվող շինարարությանը` Կարինե Դանիելյանն ասել է, որ “Աբովյան փողոցից կրպակների հեռացումն ողջունելի քայլ էր, սակայն կանաչ տարածքների հաշվին եւ ծննդատան հարեւանությամբ նոր կառուցապատումն անթույլատրելի է”:

Մաշտոցի այգու ակտիվիստներից իրավաբան Մերի Խաչատրյանն էլ ասել է, որ իրենց միակ պահանջն առողջ շրջակա միջավայրի ապահովումն է, ինչի համար իրենք պայքարելու են մինչեւ վերջ:

“Տարոն Մարգարյանին շփոթեցրել են, եւ նա սխալ ճարտարապետական նախագիծ է ստորագրել, սակայն իրավունք ունի վաղաժամ դադարեցնել պայմանագրերը կրպակների սեփականատերերի հետ: Մենք առաջարկում ենք կրպակների շինարարությունը դադարեցնել եւ դրանք տեղափոխել Մաշտոցի գետնանցում”,- ասել է Մերի Խաչատրյանը:

Ի պատասխան վերոնշյալ դիտարկումների` ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասել է, որ կրպակների տերերն ունեն սեփականության իրավունք, որը հնարավոր չէ անտեսել:

Նա նշել է, որ Մաշտոցի գետնանցումում գտնվող եւ չգործող կրպակները եւս ունեն տերեր, եւ այդ առաջարկությունը կարող է հանգեցնել միայն մի շարք դատական գործընթացների:

“Ես հավատացած եմ, որ Մաշտոցի այգում կրպակների տեղադրումը ժամանակավոր լուծում է: Կրպակներն այնտեղ կմնան մինչեւ “Հին Երեւան” ճարտարապետական նախագծի աշխատանքների մեկնարկը”,- ասել է նա:

Ասուլիսի ավարտին Մերի Խաչատրյանը ներկայացրել է այգու ակտիվիստների հիմնական պահանջները` դադարեցնել շինարարությունը, տարածքից հեռացնել ոստիկաններին, քաղաքապետարանում հրավիրել հանրային քննարկում` բնապահպանների, իրավաբանների, ճարտարապետների եւ կրպակատերերի մասնակցությամբ:

 

Mediamax.am

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply