Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 13:19
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ:
«Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` հիշյալ ընկերության տնօրենի կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:
Մասնավորապես` նախանական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռեւս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին եւ 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:
Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ, հափշտակվել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
