«Հրապարակ».Բեգլարյանի եղբայրը, Էդուարդ Մադաթյանը, ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանն ու Քուշկյանը` Մաշտոցի պուրակի տարածքի տերե՞ր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 10:07

Օրեր շարունակ Մաշտոցի պուրակում պայքարող երիտասարդներին այդպես էլ այցի չեկան ոչ պետական պաշտոնյաները, ոչ նշված տարածքի վարձակալները կամ սեփականատերերը: Նրանց ինքնությունը, ըստ էության, գաղտնի է պահվում, սակայն թերթին հաջողվել է պարզել, թե ում անուններն են շրջանառվում այդ այգու առնչությամբ: «Բատիկները», որոնց մետաղական կոնստրուկցիաները տեղադրված են, և հիմնական պայքարը դրանց դեմ է ընթանում, պատկանում են Գագիկ Բեգլարյանի եղբորը, որին էր պատկանում Աբովյան փողոցի վրա «Մանգո» խանութի դիմաց գտնվող քարե խանութների շարքը: Դրանց հարևանությամբ` այգու ծայրամասի տարածքը Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել կապի և տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանին` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկին հարակից կառույցների փոխարեն: Ընդ որում, Մադաթյանը, թերթի տեղեկություններով, հրաժարվում է այս գործարքից, քանի որ այն համարժեք չի համարում իր ունեցածին: Այգու մյուս ծայրը` Կողբացի փողոցին հարակից մասը, տնօրինում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հաջորդ կտորը, ըստ թերթի տեղեկությունների, գտնվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի տիրապետության տակ: «Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ»,- ամփոփում է թերթը:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply