Չարչարանք առ Մանվել
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | February 21, 2012 1:46
Անցումային շրջանի կառավարելի դեմոկրատիա ունեցող բոլոր երկրներում սուր զգացվում է կշռադատված ներքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Այդ քաղաքականության նպատակը հետխորհրդային տարածքի պլուտոկրատական բոլոր ռեժիմների վերարտադրությունն է, առավել հաջող արդյունքը՝ 1996թ. ելցինյան ռեժիմի վերարտադրությունը։
Հասկանալի է՝ իշխող էլիտաները վերարտադրվելու իրենց փորձերում հենվում են ինչ-որ ուժերի (հիմնականում՝ ոչ պաշտոնական) վրա, որոնք ընտրողների ձայներ ձեռք բերելու և ընտրությունների արդյունքները կեղծելու պոտենցիալ ունեն։ Բնականաբար, դրանք գործում են իրավական դաշտից դուրս, բայց գործում են իշխող ռեժիմի զգոն հայացքի ներքո։
1993թ. Վազգեն Սարգսյանը ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը՝ ռազմականացված ավազակային կազմավորում անձնական նպատակներով օգտագործման համար։ Նախագահ Տեր-Պետրոսյանը լուռ հավանություն տվեց այդ կազմավորման ստեղծմանը, քանզի գիտակցում էր, որ 1995-96թթ. ընտրություններին կարող էր դուրս թռչել ոչ միայն նախագահական աթոռից, այլև ընդհանրապես երկրից, հետևաբար՝ առաջին նախագահն իր սպարապետի հետ միասին ըստ արժանվույն գնահատեց նոր բանդայի կազմավորման պոտենցիալը։
Վազգեն Սարգսյանն, այնուամենայնիվ, պրագմատիզմի կողմնակից էր։ Իր խաղալիքը նա գործի դրեց ամբողջ թափով. սկզբում անարգեց ժողովրդի կամարտահայտությունը 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետո արդյունքների տոտալ կեղծարարություններ իրականացրեց 1996թ. նախագահի ընտրություններին։ Այնուհետև արդեն միայն Վազգենի բախտն էր բերում. առանց «Երկրապահի» օժանդակության Տեր-Պետրոսյանին հեռացնելը պրոբլեմատիկ կլիներ, ինչպես և Քոչարյանի առաջին ընտրությունը։ Մի խոսքով՝ «Երկրապահի» և նրա հոգևոր հայր-դաստիարակի խղճին են չորս համազգային ընտրարշավների խեղաթյուրված արդյունքները (1995, 1996, 1998, 1999թթ.)։
Ինչպես տեսնում ենք, Վազգեն Սարգսյանը՝ իշխող ռեժիմի սյուներից մեկն ու ռազմական օլիգարխիայի հիմնադիրը, 1993թ. խելամիտ վարվեց, և «Երկրապահի» ստեղծումը նրա կողմից հարկ է միանգամայն ճիշտ որոշում համարել։ «Երկրապահը» պետք էր նրան. նա 100%-ով վերահսկում էր կազմակերպությունը և կարող էր նրանից 100 տոկոսանոց փոխհատուցում ստանալ, ինչը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին, որոնց ձեռքին էր հայտնվել, Վազգենի զոհվելուց հետո, իշխանությունն ամբողջությամբ։ Եվ 1999 թվականից հետո, արդեն առանց Վազգեն Սարգսյանի, «Երկրապահն» սկսեց ինքնուրույն նավարկությունը քաղաքականությունում։
Անմիջապես պարզ դարձավ, որ ոչ ոք ի զորու չէ վերահսկել այս ավազակային կազմավորումը. եթե մինչ այդ բավական էր Վազգենի մի հայացքը կամ շշունջը, որպեսզի Երկրապահի պարագլուխներն ակնթարթորեն զգային իրենց համեստ տեղն արևի տակ, ապա նախագահ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ Մանվել Գրիգորյանն իրեն այլ կերպ էր պահում։ Այսպես, սկզբում իշխող տանդեմին իր լոյալության դիմաց նա ստացավ Արմավիրի մարզը (ցմահ շահագործելու իրավունքով) և իրավական դաշտից դուրս ապրելու իրավունքը, իսկ հետո՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, գեներալ-լեյտենանտի կոչումը և էլի շատ բաներ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի համար դրախտային ժամանակներ սկսվեցին։
2004թ. բարձրագույն քաղաքական ղեկավարությունում հասկացան, որ Մանվելի լոյալությունը քիչ բան է նշանակում. գեներալն սկսեց խաղեր տալ այն ժամանակվա ընդդիմության հետ։ Հասկացան, բայց գործուն ոչինչ չձեռնարկեցին։ Հավանաբար, Քոչարյանը գործողությունների արևելաասիական ձևը նախընտրում էր կտրուկ քայլերից։ Հասկանալի է՝ երկարաժամկետ առումով դա ոչնչի չէր կարող հանգեցնել, իսկ 2008թ. փետրվարին իշխանությունը կրկին (ինչպես և ինը տարի առաջ) կանգնեց գեներալ Գրիգորյանին և նրա ավազակային կազմավորումը հնազանդեցնելու անհրաժեշտության առջև։ Սակայն հնազանդեցման գործընթացից հետո նախագահ Սարգսյանի՝ ներքին քաղաքականությունը հուշող ստրատեգները եկան այն եզրահանգման, որ գեներալին անհրաժեշտ է պահպանել և լրացուցիչ պատիվներ մատուցել։ Այսպես, Էջմիածնի քաղաքապետ դարձավ գեներալի որդին, իսկ բիզնեսի մեջ նրան տրվեցին հավելյալ արտոնություններ։ Իսկ թե ինչ պատահեց շաբաթ օրը, բոլորին է հայտնի, այնպես որ՝ անցնենք խնդրի էությանը։
Փաստորեն, մեր աչքերի առջև արդեն երեք տարուց ավելի դրամա, ավելի ճիշտ՝ մարտ է ծավալվում հանուն գեներալ Մանվելի, որի համար մարտնչում են Հայաստանի բոլոր երեք նախագահները։
2008թ. Մանվելը Տեր-Պետրոսյանի կողմն էր, բայց վճռական պահին չարեց այն, ինչ նրանից պահանջվում էր։ Մինչև վերջերս Մանվելի հետ խաղեր էին տալիս երկրորդ նախագահի ճամբարում (հիշեցնենք, որ Քոչարյանի հսկողության տակ գտնվող հեռուստաալիքները և ԶԼՄ-ները գեներալ Մանվելին մեծարեցին մինչև Պոմպեոսի մակարդակի, իսկ այսօր արդեն հոդվածներ են գրում «Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք» վերնագրով), իսկ Մանվելը հաճոյանում էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահներին (նշենք, որ նա դեռ կապերը չի կտրել Տեր-Պետրոսյանի թիմի հետ. քանի դեռ այնտեղ են Վազգեն Սարգսյանի եղբայրները, Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը և մյուս «զինակիցները», հետդարձի ճանապարհը Մանվելի համար միշտ բաց է)։ Հիմա, երկու օր առաջ, նախագահ Սարգսյանն է արել իր ժեստը և հասկանալ տվել, որ ինքը և Մանվելն անբաժան են (փոխարենը գեներալը կստանա ԱԺ մի երկու մանդատ՝ չհաշված մյուս բարիքները)։ Ինչպես տեսնում ենք, երեք նախագահների միջև իսկապես տոտալ պայքար է ընթանում Մանվելի համար։ Պայքարն ընթանում է, միայն թե դրանից խեր չի եղել և չկա, ընդ որում՝ ՀՀ երեք նախագահներից և ոչ մեկի համար։ Ե՛վ Քոչարյանը, և՛ Սարգսյանը նրանից նույնքան օգուտ կստանան, որքան Տեր-Պետրոսյանը 2008-ին, այսինքն՝ զրո առանց միավորի։ Այս է ամենը։
Իսկ որպես ամփոփում արժե ասել, որ Մանվելի ֆենոմենը հայկական ներքին քաղաքականությունում իռացիոնալիզմի արգասիք է։ Փոքրիշատե ռացիոնալ մոտեցումը բավական կլիներ, որպեսզի 1999թ. նոյեմբերից, ելնելով բարոյական և իրավական նորմերից, երկրում ոչ Երկրապահն ու ընդհանրապես ռազմական օլիգարխիան լինեին, ոչ էլ Մանվել Գրիգորյանի նման գեներալները։ Ընդ որում, դա ավելի շատ կբխեր հենց ռեժիմի, այլ ոչ թե տառապյալ ժողովրդի շահերից։ Քոչարյան-Սարգսյան ռեժիմի քաղաքական կամքը չբավականացրեց պատանդի վիճակից դուրս գալու համար, որում նրանք հայտնվել են Վազգեն Սարգսյանի ժառանգության շնորհիվ։ Դե ինչ, նրանք ավելի լավ գիտեն։ Հնարավոր է՝ ավելի լավ իմանալով՝ նրանք իմաստուն են վարվում, ինչի մասին մեզ՝ հասարակ մահկանացուներիս, խիստ դժվար է կռահել…
Դե, իսկ առջևում մի ամբողջ տարի ունենք, գեներալ Մանվել Գրիգորյանի համար անիմաստ ու անօգուտ պայքարի մի ամբողջ տարի, որտեղ հաղթանակողն անպայման կլինի միայն (ինչպես միշտ) պայքարի օբյեկտը։
n-idea.am






Facebook
Tweet This
Email This Post
