«Քաղաքապետն ուղղակի զոհ է գնում կողքինների սխալ խորհրդին». Կ. Դանիելյան / ֆոտոռեպորտաժ այգուց/

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2012 17:29

Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու քաղաքապետի որոշման դեմ բարձրացված բողոքի ալիքը շարունակվում է: Մաշտոցի այգում ժամառժամ բնապահպան ակտիվիստներին են միանում նոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով նույնպես դեմ է ապամոնտաժված կրպակներն այդ վայր տեղափոխելուն և տեղադրելուն, «Անկախ»-ի հետ զրույցում նշեց. «Ընտրված տեղն ակնհայտորեն լավը չէ` թե էկոլոգիական առումով (մի փոքր այգի է մնացել) և թե այն առումով, որ այդ հատվածում կա մանկատուն, հիվանդանոց,-ասաց նա,-դա ուղղակի լուծման իրավիճակային տարբերակ էր: Հիմա քաղաքապետը բացատրում է, թե այլ կերպ հնարավոր չէր այդ կրպակները հանել Աբովյան փողոցից, որովհետև կրպակատերերի հետ այնպիսի պայմանագրեր էին կնքված` սեփականության իրավունքով, երկարաժամկետ և այլն, որ հենց էնպես դրանք հանել և դուրս շպրտել հնարավոր չէր: Ըստ քաղաքապետի, այդ պայմանագրերն այնպիսին են, որ այդ մարդիկ կարող են անգամ դիմել դատարան և վերականգնել իրենց խանութները Աբովյան փողոցի վրա»:

Այնուամենայնիվ, Դանիելյանը կարծում է, այլընտրանքային տարբերակ հնարավոր էր գտնել և որ այն մարդիկ, ովքեր քաղաքապետի կողքին են և նրան խորհուրդ են տալիս, ակնհայտ կոպիտ սխալներ են թույլ տալիս. «Այսինքն, նշանակում է` նույն գաղափարն է` ինչքան ծառ տեսնես, կողքը բուտկա դնես,-ասաց նա,-կարծում եմ` քաղաքապետն ուղղակի զոհ է գնում կողքինների սխալ խորհրդին»:

Դանիելյանն ասում է, որ թերթերից տեղեկանալով, թե ովքեր են այդ կրպակների տերերը, իր համար պարզ է դարձել, որ այդ մարդիկ չեն համաձայնի իրենց տաղավարները կենտրոնից բացի այլ տարածքներ տեղափոխել: «Ես հիմա ելք չեմ տեսնում, թե ինչպես կարելի է այդ տաղավարներն այնտեղից տեղափոխել,-ասաց բնապահպանը,-միգուցե կարելի է երկկողմանի պայմանագիր ստորագրել, ըստ որի դա իսկապես 1,5-2 տարվա կյանք ունի, ինչպես քաղաքապետն է ասում: Համենայնդեպս, քաղաքապետը վստահեցնում է, որ այժմ կրպակատերերի հետ պայմանագրերն այնպես են կնքել, որ հետագայում դադարեցնելու հնարավորություն ունենան: Քաղաքապետի կարծիքով, ինքը գտել է չարյաց փոքրագույն տարբերակը, որի հետ, սակայն բնապահպանները չեն համաձայնում»:

Կարինե Դանիելյանը տրամաբանական է համարում բնապահպանների բողոքն ու չհամաձայնելու անկոտրում դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ կենտրոնում այլևս ազատ տարածք` հատկապես կանաչ գոտի, չի մնացել: «Մենք քայլ առ քայլ քաղաքը զիջեցինք,-ասում է Դանիելյանը,-միգուցե մեծ կենտրոնում` որևե տեղ, հնարավոր լինի այդ կրպակները տեղափոխել, բայց փոքր կենտրոնում դա պետք է բացառել, որովհետև այնտեղ ամեն քառակուսիմետրը եռակի կառուցապատված է»:

 

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply