Լիբիա.մեկ տարի հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 20, 2012 16:22

Լիբիայի հեղափոխության սկզբից անցել է մեկ տարի: Քադաֆիի ռեժիմը տապալվելուց հետո երկրում բազմաթիվ փոփոխություններ եղան: Ցավոք, քչերն են դրական: Իրավապաշտպանների տվյալներով` բանտերում սպանում են Քադաֆիի նախկին կողմնակիցներին: Երեկ հայտնի դարձավ, որ զոհվել է լիբիացի լրագրողուհի Հալի ալՄիստրատին: ՙԱլԱրաբիա՚ հեռուստաալիքի տվյալներով` նրա սպանությունը նվիրվեց հեղափոխության տարեդարձին:

Կարծես վերջերս էր, բայց անցել է ուղիղ մեկ տարի: Եվ դա կարող էր նոր կյանքի սկիզբ դառնալ: Սակայն երկրում քաոսն ու խառնաշփոթը շարունակվում են: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազայում, ջահերով երթի կարգախոսն էր ՙՏառապյալների արյունը անտեղի թափվեց՚: Հենց այստեց տեղի ունեցավ առաջին հակակառավարական ցույցը: Հենց այստեղ` կենտրոնական հրապարակում, անցյալ տարվա հոկտեմբերին` Մուամար Քադաֆիի մահվանից մի քանի օր հետո, հայտարարեցին Լիբիայի լիովին ազատագրումը գնդապետի վարչակարգից:

Մենք հիշեցինք դեպքերի ընթացքը, փորձեցինք հասկանալ` ինչի± հասավ Լիբիան մեկ տարի անց: Ի տարբերություն հարևան երկրների, Ջամահիրիի ապստամբությունը վերածվեց շարունակական արյունահեղ ռազմական հակամարտության: Հեղափոխությունը տարավ հազարավոր զոհեր և երկիրը բաժանեց երկու ճամբարի:

Հաագայի Միջազգային քրեական դատարանը մինչև հիմա փորձում է պարզել Քադաֆիի մահվան հանգամանքները:

Այժմ ականատեսները պատմում են, որ Տրիպոլիի վրա շարունակում են թռչել ռազմական ուղղաթիռներ, ճանապարհներին պահակակետեր են: Գիշերը քաղաքում կյանքը մեռնում է: Մութն ընկնելուն պես խանութները փակվում են, տեղի բնակիչները գերադասում են մնալ տանը: Անվտանգությունը կաղում է: Ներկա իշխանությունների գործունեության նկատմամբ ոգևորություն չկա: Ամեն օր մի քանի ժամով հոսանքը կտրում են. դա դեռ մայրաքաղաքում:

Ավելի ու ավելի հաճախ են Անցումային խորհրդին մեղադրում ոչ պրոֆեսիոնալիզմի և կոռուպցիայի մեջ: Տարբեր զինված խմբավորումներ շարունակում են իշխանությունը գրավելու քայլեր ձեռնարկել: Վերջին մի քանի ամսում Լիբիայում շատ ընդհարումներ են եղել: Դրանք գլխավորում են զինված աշխարհազորայինները:  .

ՙԱյս պահին չի կարելի ասել, որ գոյություն ունի լիբիական պետականություն: Այսինքն` Արևմուտքի ոչ իրավական և ուժային միջամտությունը հանգեցրեց այսպիսի ողբերգական հետևանքների:

Երկրում քաոս, պատերազմ բոլորը բոլորի դեմ, տարբեր քաղաքներում գործում են զինված ջոկատներ: Այդ ամենը ինչ-որ ձևով պետք է զինաթափել, ստեղծել նոր բանակ, նոր ոստիկանություն, պետական կառավարման նոր կառուցվածք՚,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բագրատ Սեյրանյանը

 

Լիբիական մի լրագրողի տվյալների համաձայն` միայն Տրիպոլիում գործում են 123 տարբեր խմբավորումներ: Լիբիական մայրաքաղաքի վերահսկողության համար պայքարում են զինված աշխարհազորայիններ Միսուրիից, Զենտանից և Նալուտայից: Նրաք հրաժարվում են զենքը հանձնել: Միսուրատայի բնակիչները չորս ամիս շրջափակման մեջ էին Քադաֆիի ուժերի կողմից: Հիմա վերահսկում են ափամերձ քաղաքի թաղամասերը:

Գնդապետի հակառակորդները կոչ էին անում ՙփրկել նավթաբեր Լիբիան Քադաֆիի բռնապետությունից՚: Արդյունքում ծնեցին տասնյակ փոքր նմանակներ: Իսկ վերամբարձ բառերի հետևում լուրջ թվեր են: Տարբեր աղբյուրների համաձայն` ԱՄՆ-ն Լիբիայի հատուկ օպերացիայի համար ծախսել է մոտ 2 մլրդ դոլար: Մեծ Բրիտանիայի ներդրումն ավելի մեծ է` 2 մլրդ 710 մլն դոլար: Ֆրանսիայի ծախսերն ավելի համեստ են` մոտ 400 մլն դոլար: Ստացվում է, որ Լիբիայում կատարված գործողություններն ավելի քան 5 մլրդ դոլար են նստել:

ՙԱյն միջոցները, որոնց օգնությամբ տապալեցին Քադաֆիին, հենց Քադաֆիինն էին: Արևմտյան բանկերում սառեցված գումարները ծախսվում էին լիբիական արշավի ծախսերի համար: Քադաֆիի տապալումը ոչ միայն անվճար էր, այլև շատ ձեռնտու: Այդ տրամաբանությամբ` ամենահարմարը քեզ պարտք տվողին գնդակահարելն և փողերը յուրացնելը: Այդպես էլ արվեց՚,- ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Քադաֆիի վարչակարգի դեմ ապստամբության մեկ տարվան նվիրված զեկուցում են հրապարակել, որում ասված է, որ անցյալ տարվա սեպտեմբերից գերության մեջ, բանտերում խոշտանգումներից մահացել է առնվազն 12 հոգի: Իրավապաշտպանները հրապարակում են մարդկանց լուսանկարներ` բռնության հետքերով: Նշվում են նաև կալանավորվածների ցուցմունքները, որոնցում ասվում է ճիպոտներով, երկաթյա ձողերով և շղթաներով, մետաղի կտորներով ծեծերի մասին: Կազմակերպությունը հաստատում է, որ զինված խմբավորումներն առաջվա պես սպառնում են խաղաղ բնակիչներին, չնայած ՙբեդվինների ռեժիմը՚ վաղուց տապալված է, իսկ գնդապետը կենդանի չէ: Ավելի վաղ ՄԱԿ-ը հաղորդել էր, որ ապստամբների մոտ գերության մեջ մոտ 8000 մարդ կա:

Ապստամբության սկզբից մեկ տարի անց Լիբիայում տասնյակ կուսակցություններ ստեղծվեցին: Քննարկվում է նաև ժողովրդավարության, իսլամի, ազատ շուկայի, ազգային գաղափարների և այլընտրանքային շարժումների համակցությունը: Բայց լիբիացիները իրենք էլ չգիտեն,թե ինչ են ուզում:

 

Օքսֆորդի համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտը հետաքրքիր հարցում է կատարել: Լիբիացիներին հարցրել են, թե որն է իրենց պատկերացրած ամենալավ պետության կառուցվածքը: Չնայած Քադաֆիի նկատմամբ տարածված ատելությանը, պարզվել է, որ 35%-ը առաջիկա հինգ տարիներին երկրի ղեկավարի պաշտոնում տեսնում է ուժեղ և հեղինակավոր անձնավորության: Ժողովրդավարական երկրում ցանկություն է հայտնել ապրել լիբիացիների 29%-ը, իսկ 69%-ը պնդում է, որ սովորական քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ազդելու իշխանությունների ընդունած որոշումների վրա, 16%-ն ընդունել է, որ քաղաքականության համար պատրաստ է զենք վերցնել: Հետազոտողները եզրակացնում են, որ թվերի վերածելով կստացվի 630 հազար պոտենցիալ զինվոր: Այնուհանդերձ, լիբիացիների 10-ից 8-ը սպասում են վիճակի բարելավման և վստահում են Անցումային խորհրդին: Չնայած նրանց դեռ չի հաջողվել երկրի վրա վերահսկողություն հաստատել: Ահա լիբիական հակասությունները: Արևմտյան փորձագետները սա բացատրում են չիմացությամբ:

Միակ բանը, որին մի տարուց հետո հասավ Լիբիան, նավթի արտահանման վերսկսումն է: Լիբիայի պետական նավթային ընկերության հաշվետվության մեջ ասվում է, որ արդեն ընթանում է մատակարարումը Թուրքիա,Գերմանիա, Կանադա, Պորտուգալիա և Սինգապուր:

 

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply