Թուրք լրագրողների այցը ԼՂՀ՝ Անկարայի և Բաքվի միջև սկանդալի պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 16:50

Դիվանագիտական սկանդալ է հասունացել Անկարայի և Բաքվի միջև այն բանից հետո, երբ թուրքական հեռուստաընկերության 2 լրագրող անցյալ շաբաթ այցելեցին Լեռնային Ղարաբաղ:

Թուրքիայի արտգործնախարարությանը հասցեագրված դիվանագիտական նոտայում Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում առ այն, որ թուրք լրագրողներն ստացել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության մուտքի վիզա: Բաքվում Թուրքիայի դեսպանին հասցեագրված նոտայում ադրբաջանցիները հայտնել են, որ «թուրք լրագրողների այս գործողությունը խոր վիշտ է պատճառում Ադրբեջանին»:

Ադրբեջանցիները հորդորել են թուրք գործընկերներին կանխել լրագրողների նկարահանումների հեռարձակումը թուրքական հեռուստաընկերության եթերում: Փոխարենը` ադրբեջանցիների թուրք գործընկերները մեղադրել են սեփական լրագրողներին «ինքնագլուխ գործունեության համար». «Լրագրողների այցը չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանատուները հորդորում են ադրբեջանցի գործընկերներին հստակ տարբերակում մտցնել պետության քաղաքականության և խոսքի ազատության միջև. «Մամուլի ներկայացուցիչների նման հաղորդումները պետք է դիտել խոսքի և մամուլի ազատության չափանիշերի պահպանման շրջանակում: Վստահ ենք, որ եղբայրական Ադրբեջանի իշխանությունները կկարողանան այս տարբերակումը կատարել»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply