Քաղաքապետը չհանդիպեց ակցիայի մասնակիցների հետ. խնդիրը կբարձրացվի Հանրային խորհրդում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 15:24
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող բնապահպան ակտիվիստները, քաղաքացիներն ու խնդրով մտահոգ մտավորականները հեռացան քաղաքապետարանից` վրդովված, սակայն պայքարը շարունակելու պատրաստակամությամբ զինված:
Ակցիայի մասնակիցները, ովքեր նամակ էին հանձնել քաղաքապետարանի աշխատակցին` ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջում էին հանդիպում վերջինիս հետ, ստացան ավելի քան կտրուկ պատասխան: Քաղաքապետը ոչ միայն չհանդիպեց ակտիվիստներին, այլև իր ներկայացուցչի միջոցով փոխանցեց, որ շինարարությունը շարունակվելու է:
«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արփինե Գալֆայանը, չթաքցնելով իր զայրույթն ու վրդովմունքը, «Անկախ»-ին հայտնեց. «Հերիք չի` խախտում են քաղաքացու իրավուքները, ստիպում են, որ քաղաքացին ինքն իր քաղաքի իրավունքներին տեր կանգնի, ինչը քաղաքապետարանի գործն է, այսքանից հետո էլ Տարոն Մարգարյանը չի բարեհաճում իր ժողովրդին, իր համաքաղաքացիներին ընդունել և լսել նրանց»,-ասաց նա` մեկ անգամ ևս ընդգծելով, որ անթույլտարելի է Մաշտոցի այգում իրականացվող շիրնարարությունը:
Բնապահպանները կրկին Մաշտոցի այգում են և մտադիր են պայքարել մինչև վերջ: Ի դեպ, ակցիայի մասնակիցներին են միացել նաև բազմաթիվ ուսանողներ, անգամ բարձր դասարանների աշակերտներ: Քաղաքացիներից մի քանիսը, ովքեր միացել են ակցիային դեռ սկզբից, «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ Տարոն Մարգարյանի հետ կապված իրենց հույսերը չարդարացան, և նա արժանի չէր այն հարգանքին, որ իրենք զգում էին նրա հանդեպ` մինչև քաղաքապետ դառնալը:
Քիչ առաջ մենք զրուցեցինք բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանի հետ, ով հայտնեց, որ փետրվարի 23-ին` հինգշաբթի օրը, Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ տեղի կունենա քննարկում, որին կմասնակցեն ինչպես բոլոր շահագրգիռ բնապահպանական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնություների, այնպես էլ քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ բնապահպաններն ու քաղաքացիները պահանջում են քաղաքապետից փոխել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու որոշումը և ապամոնտաժել արդեն կառուցված առևտրի տաղավարները:






Facebook
Tweet This
Email This Post
