Հեռուստաընկերությունը փոխում է իր արտոնագրով սահմանված ուղղվածությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 14:03
«12» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գագիկ Եղյանը «Երկիր» օրաթերթին այսօր հայտնել էր. «12»-ը դառնում է սպորտային ալիք: Ովքեր կկարողանան աշխատել, կմնան, ովքեր չէ, ուրիշ տեղ աշխատանք կփնտրեն»:
Նշենք, որ այս հեռուստաընկերությունը 2010 թվականի դեկտեմբերի 16-ին ստանալով ՀՌԱՀ բոլոր անդամների «6» գնահատականները` հաղթել էր թիվ 15 մրցույթում, որը սահմանված էր ընդհանուր ուղղվածության եւ տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համար:
Ըստ այդմ՝ «12» հեռուստաընկերությունն այժմ պատրաստվում է խախտել իր արտոնագրի պայմանները՝ դառնալով սպորտային ալիք: Գուցե օրենքի բացն է, բայց նման ուղղվածության հեռուստաընկերություն ընդհանրապես սահմանված չէ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով:
Հետաքրքիր է, թե հեռուստաոլորտում այս մի հերթական խախտման վրա «աչքերը փակելու» եւ արդարացնելու համար ի՞նչ պատճառաբանություն կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Համենայնդեպս՝ ՀՌԱՀ-ը որեւէ կերպ չի արձագանքում այն փաստին, որ դարձյալ խախտելով արտոնագրի պայմանները՝ իր մրցութային փաթեթին էլի միայն «6» գնահատականների արժանացած «Ար» հեռուստաընկերությունն այդպես էլ լիովին չի գործում իբրեւ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական ու ճանաչողական ուղղվածության հեռուստաընկերություն:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Հենց այս տողերը գրելու ընթացքում «Ար»-ը ցուցադրում էր «Մի անգամ Ամերիկայում» կինոնկարը, եւ մասնավորապես այն կադրերը, թե ինչպես են մի արհմիութենական ակտիվիստի վրա բենզին լցնում. շատ մանկապատանեկան եւ ու անչափ գիտակրթական է, իսկ դաստիարակչական նշանակության մասին խոսելն իսկ ավելորդ է:
aravot.am






Facebook
Tweet This
Email This Post
