ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2012 22:48

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ:

Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Հայաստան եւ Ազգային ժողով այցելելու համար` պարոն Նիկոյանը նշեց, որ այցը լավագույն առիթ է խորացնելու միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները: ԱԺ նախագահի խոսքով` անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգները եղել է մեր պետության կողքին, աջակցություն ցուցաբերել հումանիտար,  պետական, ինչպես նաեւ ժողովրդավարության ոլորտներում, ներգրավված է տնտեսության զարգացման գործում: ԱԺ նախագահը  ընդգծեց հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում գործակցությունը: Միայն այս բնագավառում Միացյալ Նահանգների ներդրումը վերջին 20 տարում կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար, ինչը, պարոն Նիկոյանի գնահատմամբ, էական նշանակություն է ունեցել մեր պետության ու անկախության ամրապնդման համար: Նշվեց, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,-ասաց պարոն Նիկոյանը:

ԱԺ նախագահը ողջունեց նաեւ ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքով,  ՀՀ Նախագահը դիմեց վճռական քայլի` ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պարոն Նիկոյանը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաեւ միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ  տարածաշրջանի շահերից:  Բայց Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, եւ պարզ դարձավ, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռեւս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում: «Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշեց պարոն Նիկոյանը: Ըստ նրա, մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարեւանների հետ  խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:

Որպես համագործակցության լավագույն օրինակ ԱԺ նախագահը նշեց միջազգային խաղաղապահ ուժերում հայ զինվորների արհեստավարժ մասնակցությունը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն միջազգային խաղաղության սպառող, այլեւ ակտիվ մասնակից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դեյվիդ Դրայերը նախ շեշտեց ամերիկահայերի այն մեծ դերակատարությունը, որը նրանք ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Ըստ նրա, Միացյալ Նահանգները միշտ էլ արժեւորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Պարոն  Դրայերի խոսքով, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված իրենց պատվիրակության այցի առաքելություններից մեկն էլ այն է, որ ներկայացնեն 223-ամյա պատմություն ունեցող ամերիկյան ժողովրդավարության ավանդույթները: Նշելով հայ-ամերիկյան արդեն ձեւավորված սերտ հարաբերությունների մասին`  պարոն  Դրայերը տեղեկացրեց, որ իրենց խնդիրներից է քննարկել նաեւ, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ եւ հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը` որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,-նշեց   պարոն  Դրայերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` ամերկացի կոնգրեսականը նշեց, որ տնտեսական ու առեւտրական կապերի  հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման ճանապարհին: Նա տեղեկացրեց, որ այս մասին անձամբ ասել է նաեւ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը:

Իրենց տեսակետները ներկայացրերին նաեւ կոնգրեսականներ Ջեյմս Մորանը, Ջո Վիլսոնը, Քեննի Մարչանթը եւ Ադրիան Սմիթը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք մասնավորապես կարեւորեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը, Հայաստանում ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությունը` այդ գործում ներգրավելով ամերիկահայ գործարարներին, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Հարավային Կորոլինան ներկայացնող Ջո Վիլսոնը ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը  հրավիրեց այցելել Միացյալ  Նահանգներ:

ԱԺ նախագահը պատասխանեց կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին:

 

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply