«Երկրապահ-ազատամարտիկները մեր ամենակարևոր և հուսալի զորահավաքային ռեսուրսն են». Ս. Օհանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 16:51

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր ելույթ ունենալով ԵԿՄ 9-րդ համագումարի ժամանակ, նշել է, որ պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, և այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը: «Երբ արցախյան համազգային պայքարի բովում ինքնաբուխ, սակայն գիտակցված անհրաժեշտության մղումով ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնց ուսերին ծանրացավ երկրի վտանգված սահմանների պաշտպանության պատասխանատվությունը, այդ ժամանակ վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու` երկրապահ կամավորականի` ազատարարի ու պաշտպանի փառահեղ կերպարը,-նշեց նա,-այդ նա էր` երկրապահ-կամավորականը, որ կանոնավոր բանակի բացակայության պայմաններում կանգնեց հայրենի հողի պաշտպանության դիրքերում և պատվով կատարեց իր առաքելությունը»:

Նրա խոսքով, 1994թվականի մայիսին դադարած, բայց չավարտված պատերազմն արդեն քանի տարի մեզ պարտադրում է ապրել «զինադադարի ռեժիմ» կոչվող պայմաններում՝ նշելով, որ բոլոր զինադադարներն էլ պարբերաբար խախտվում են, և հակառակորդը միշտ էլ փորձում է շոշափել դիրքապահ ստորաբաժանումների զգոնությունն ու թույլ կետեր գտնել մեր պաշտպանությունում, սակայն ստանալով վճռական հակահարված, առժամանակ սսկվում է: «Պատերազմի հաղթական ավարտից հետո Երկրապահ կամավորականների միության դերը բնավ չնվազեց. այն ոչ միայն մեծապես նպաստում էր բանակաշինության ծանր, բայց անչափ կարևոր գործին, այլև ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական  կյանքին: Երկրապահների ներուժն ամբողջությամբ ի սպաս էր դրված պետականության ստեղծման ու կայացման տևական, դժվարին խնդրին»,-իր խոսքում ասաց նախարարը:

Այնուհետև Սեյրան Օհանյանը դիմել է ՀՀ նախագահին՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարությունը, լավ գիտակցելով, որ այսօր էլ վիթխարի է Երկրապահների, և ընդհանուր առմամբ՝ բոլոր ազատամարտիկների ակտիվ գործունեության դերը պետության պաշտպանունակության ամրապնդման գործում, երկրի հասարակական կյանքում, ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ օժանդակելու երկրապահ կամավորականների բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:

«Միասին լծված այս բոլոր աշխատանքներին և մշտական գաղափարակցությամբ` սերտ համագործակցության արդյունքում կարող ենք փաստել, որ բանակը և երկրապահն այսօր մի բռունցք են՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում միասին պայքարելու հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ: Չմոռանանք, որ Երկրապահ-ազատամարտիկները մեր ամենակարևոր և հուսալի զորահավաքային ռեսուրսն են և կազմում են պրոֆեսիոնալ բանակը համալրողների ամենաորակյալ մասը»,-մասնավորապես ասել է նախարարը:

 

 

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply