«Մոսկվայի հայկական թատրոնը» Մոսկվայի տանն անվճար ներկայացումներ կցուցադրի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Գայանե Ասրյան | September 28, 2009 17:37
Մեջտեղում՝ Մեցո Իգիթյան, աջից՝ Սլավա Ստեփանյան
«Մոսկվայի հայկական թատրոնը» եռօրյա ներկայացումներով հրավիրված է Հայաստան: Սեպտեմբերի 27-29-ը ցուցադրվում են անվճար ներկայացումներ Երևանում` «Մոսկվայի տանը»:
Թատրոնը ներկայացում կբեմադրի նաև Քանաքեռի զորամասում` ռուս զինվորականների համար:
Երևանյան ներկայացումները լինելու են Գևորգ տեր Ալեքսանյանի և Ալեքսանդր Ռիմովի ստեղծագործություններից: Թատերական 25 հոգանոց խմբում կան ռուս, հայ, լեհ, ուկրաինացի, հրեա և այլ ազգերի դերասաններ:
«Մենք երկու տիրոջ ծառա ենք, Մոսկվայում հայկական դեսպանատան հովանու տակ ենք գործում,բայց դե Ռուսաստանում ենք և որոշակիորեն ենթարկվում ենք նրանց»,-ասում է «Մոսկվայի հայկական թատրոնի» տնօրեն Սլավա Ստեփանյանը:
«Մոսկվայի հայկական թատրոնի» ներկայացումների խաղացանկը բազմաժանր է` մանկական ներկայացումներից մինչև հոգեբանական դրամաներ: «Պատրաստվում ենք Խորենացու և Բյուզանդի պատմական աշխատությունների հիման վրա նոր տեսանկյունից ներկայացնել Փառանձեմ թագուհու կերպարը, այնպես որ նա նույնիսկ դասվի սրբերի շարքին»,-ասում է Ստեփանյանը:
Մինչև օրս «Մոսկվայի հայկական թատրոնը» Ռուսաստանում չունի սեփական թատերասրահը, 6 տարի ներկայացումները ցուցադրվել են Մոսկվայի հայկական դեսպանատանը, իսկ հիմա ներկայացումների համար վարձում են սրահներ:
«Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի» տնօրեն Մեցո Իգիթյանը ևս կարևորում է թատերասրահի անհրաժեշտությունը. «Մեզ Մոսկվայում թատերական օջախ է պետք, որտեղ լինեն ոչ միայն բեմական ներկայացումներ, այլև ցուցահանդեսներ, շնորհանդեսներ. Ռուսաստանում հայ սերունդ կա, որին պետք է մոտ պահել հայկական մշակույթին»:
Ըստ Իգիթյանի` Մոսկվայում թատերասրահ ունենալու համար պետք է գործարարների աջակցությունը, բայց ոչ կոմերցիոն նպատակներով:






Facebook
Tweet This
Email This Post
