Երկրապահներն ակտիվորեն մասնակցելու են առաջիկա ընտրություններին և սատարելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 18, 2012 14:30
Այսօր, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարի ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և այլ բարձրատիճան պաշտոնյաներ, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանը բացման խոսքում նախ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Արցախում զոհված տղաների հիշատակը:
Ապա նա ասել է, որ իրենք գլուխ են խոնարհում այն բոլոր մայրերի առջև, ովքեր հերոսներ են ծնել և պարտավորվում մնալ բանակի կողքին` կարևորելով ձեռք բերածի պահպանությունն ու այն նոր սերնդին հանձնելը: «Պետք է այնպիսի սերունդ դաստիարակել, ով կպաշտպանի իր մորն ու իր հայրենիքը»,-նշել է Մանվել Գրիգորյանը:
Իր խոսքի վերջում, դիմելով երկրի նախագահին և բոլոր ներկաներին, նա հայտարարել է. «Մենք մեր ակտիվ մասնակցությունը պետք է ունենանք առաջիկա բոլոր ընտրություններին: Դուք մեր մարտական ընկերն եք, այսօր էլ բանակի գերագույն հրամանատարն եք: Մենք սատարում ենք Ձեզ` Ձեր բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են` ի շահ հայրենիքի: Դուք ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր Հայաստան, որտեղ բարեկեցիկ կապրեն մեր ընտանիքները: Դա մեր զոհված ընկերների երազանքն է»,-ասել է նա:
Համագումարի վերջում Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ նա ԵԿՄ–ն գլխավորում է 1999թ.–ից ի վեր՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։






Facebook
Tweet This
Email This Post
