Թուրք քաղաքագետ Ջեմ Թոքեր. «Թուրքիան այժմ նարդու քաղաքականություն է վարում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 16:43
Դիբա Նիգար Գոկսել

Դիբա Նիգար Գոկսել

«Թուրքիայի խորհրդարանն ի վերջո կվավերացնի արձանագրությունները, բայց թե երբ, հայտնի չէ: Թուրքիայում որոշում ընդունողները կսպասեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխությունների նշանների»,- այսօր «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց թուրք փորձագետ Դիբա Նիգեր Գոկսելը:

Գիտաժողովը կազմակերպել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

Ըստ Գոկսելի` արձանագրությունների ստորագրման համար պարտադիր չէ, որ լուծվի Ղարաբաղի հարցը, սակայն  կարևոր է ոլորտում առկա դրական մթնոլորտը:

Գոկսելն ասում է, որ Թուրքիայի քաղաքական գործիչներն արձանագրությանը կողմ լինելու համար պետք է ունենան իրենց քվեարկողների հավանությունը, իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ որոշակի առաջընթաց լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Ըստ թուրք փորձագետի՝ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը կորսված կլինի, եթե ևս 4-5 ամիս ձգձգվի: «Թուրքիայում կարծում են, որ 2 խնդիրներից միայն 1-ի լուծումը օգուտ չի բերի»,- ասում է Գոկսելը:

Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեմ Թոքերն էլ ասում է, որ Թուրքիայի հետագա քայլերը կանխորոշելը դժվար է, քանի որ Թուրքիան  նարդու քաղաքականություն է վարում. ձեռնարկվող քայլերը կախված են նրանից, թե զառը գցելուց հետո ինչ դուրս կգա:

Թոքերն ասում է, որ նախաստորագրված արձանագրությունների հետ կապված մտահոգություններ ունեն նաև թուրքերը: «Շատերը մտածում են, որ գուցե հայկական կողմը հայ-թուրքական սահմանների ճանաչում ասելով հասկանում է Սևրի պայմանագիրը: Ուստի պահանջում են հստակեցնել, թե ինչ սահմաններ են ճանաչում»,- ասում է նա:

Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես ասում է Գոկսելը, մեծապես ազդում է Թուրքիայի քաղաքականության վրա: Սակայն, ըստ փորձագետի, Թուրքիան Ղարաբաղի հարցի լուծմանը հետամուտ լինելով՝ էթնիկական քաղաքականություն չի վարում, այլ տարածաշրջանի կայունությամբ է հետաքրքրված: «Թուրք հանրությունը կարծում է, որ եթե հայ-թուրքական սահմանները բացվեն առանց Ղարաբաղի հարցի լուծման, ապա կխախտվի առկա հավասարակշռությունը, և  Ադրբեջանը կհայտնվի պաշտպանվողի դիրքում: Սա շատ թուրքերի է հուզում»,- ասում է Գոկսելը:

Գյուլի և Էրդողանի մոտեցումների, դիրքորոշումների և քաղաքական ազդեցության միջև, ինչպես նշում է Թոքերը, մեծ տարբերություն կա: Չնայած արտաքին քաղաքականության ոլորտում Գյուլն ու Էրդողանն ունեն իրենց առանձին աշխատակազմը, սակայն Գյուլի ազդեցությունն այս ոլորտում փոքր է: Ըստ Թոքերի՝  Գյուլի ազդեցությունը փոքր է նաև խորհրդարանում, «ուստի որոշիչ կդառնա Էրդողանի դիրքորոշումը»:

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply