Հայաստանում ստեղծվել է վիրտուալ աստղադիտարանի սերվեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 18, 2012 13:10

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտը ստեղծել է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) տվյալների շտեմարան, որում գործում են երկնային մարմինների սպեկտրների արտաբերման եւ աստղագիտական կատալոգների փոխհամադրման ծրագրեր:

Շուրջ 4 տարի է, ինչ նշված ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, որտեղ դեռ 2005թ. սկսվել է Հայկական ՎԱ նախագիծը: Ինչպես եւ մյուս ՎԱ ազգային նախագծերում, Հայկական ՎԱ նույնպես աստղագետների եւ համակարգչային մասնագետների համագործակցություն է, որի շրջանակներում կառուցվում են համապատասխան միջավայրեր, որտեղ հնարավոր են դառնում աստղագիտական բազմատեսակ տվյալների համատեղ օգտագործումն ու արդյունավետ գիտական հետազոտությունների իրականացումը: 2002 թվից գործում է ՎԱ միջազգային ալյանսը, որը ներկայումս միավորում է 17 երկրների ազգային ՎԱ նախագծեր: Հայկական ՎԱ այդ ալյանսի անդամ է 2005 թվականից:

Հայկական ՎԱ սերվերում այժմ գործում է կատալոգների փոխհամադրման նոր ծրագիր, որն իր աշխատանքի սկզբունքով եւ ճշգրտությամբ գերազանցում է աշխարհում գործող նմանատիպ այլ ծրագրերը: Դրա հիման վրա արդեն կատարվում են գիտական հետազոտություններ, մասնավորապես Հայկական ՎԱ Բյուրականում գործող գիտական խմբի կողմից: Տվյալների շտեմարանի ճարտարապետությունն այնպիսին է, որ հնարավորություն է ստեղծում դինամիկորեն մեծացնել պահվող տվյալների քանակը` ավելացնելով նոր պատկերներ, որոնք անընդհատ կերպով ստացվում են նորանոր դիտումների արդյունքում: Նաեւ չկան խիստ սահմանափակումներ ավելացվող տվյալների ծավալների վրա, քանի որ ներդրվել է մեծ ծավալի հիշողության տարր, որը գերարագ կապով միացված է սերվերին` ստեղծելով գրիդ տեխնոլոգիաներին համապատասխան կառուցվածք: Փոխհամադրման ծրագիրը ներդրվել է համացանցային էջում` Հայկական ՎԱ միջավայրում, ինչը թույլ է տալիս աստղագետներին առցանց ռեժիմում կիրառել փոխհամադրման նոր արդյունավետ մոտեցումը:

Հիշեցնենք, որ Հայկական ՎԱ ստեղծվել է Բյուրականյան առաջին սպեկտրային շրջահայության (Մարգարյանի շրջահայության) թվայնացման արդյունքում, որը Հայաստանում թվայնացման նախագծերի մեջ առաջինն էր (2002-2005թթ.): Վերջերս այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում:

 

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply