ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանապետից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 18, 2012 12:42

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Ա. Սուքոյան/, փետրվարի 20-ին, ժամը 15-ին կկայանա «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ դատական նիստը:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը նույն ժամին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:

Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:

Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարծում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված  «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետեւյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք եւ զրպարտություն: «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում»,- մասնավորապես, նշել էր Վլադիմիր Գասպարյանը:

«Վլադիմիր Գասպարյանին մեր կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության հայցում:

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply