Սփյուռքն ու Հայաստանը` Ցեղասպանության հարցում տարբեր քաղաքականություն վարելու վտանգի առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 17:06
Համբրիկ Սառաֆյան

Համբրիկ Սառաֆյանը՝ի դեմս ՍԴՀԿ-ի, դեմ է հայ-թուրքական արձանագրությանը

Այսօր հրավիրած ասուլիսում ՍԴՀԿ (Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն) Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբրիկ Սառաֆյանն ասաց, որ Թուրքիան ավելի լավ ու արդյունավետ է նախապատրաստված իր ուզածը ստանալու հարցում, քան Հայաստանը: Հիշեցնելով երեկ Գլենդելում տեղի ունեցած 3 կուսակցությունների հանրահավաքը` նա ասաց, որ Սփյուռքի համար ոչ այնքան էական է, թե ինչ է գրված արձանագրությունում, այլ թե ինչպես է գրվածը շահարկվելու:

«Մենք հայ-թուրքական հարաբերությունների հարցին մոտենում ենք այն տեսակետից, որ հայ իշխանությունները լիազորված չեն Սփյուռքի անունից հարց քննարկել ու ոչ էլ Սփյուռքն է լիզորված Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու: Հարցը հայ ժողովրդի որոշելիք գործն է,-ասաց Սառաֆյանը,-Սակայն Ցեղասպանության հարցում իրավատերը Սփյուռքն է և կապ չունի, թե ինչ իշխանություն է: Փաստն այն է, որ առանց Սփյուռքի հետ քննարկելու են փորձում հարցը լուծել»:

Նրա խոսքով`Հայաստանը դեռ 3 ամիս առաջ պետք է արձանագրությունը քննարկեր սփյուռքի հետ, իսկ հիմա վտանգ կա, որ առաջիկա քնարկման արդյունքում կարող է հարցերը չստանան անհրաժեշտ լուսաբանումը:

«Հանրային հեռուստատեսությունը կարող է  մի քանի ոչ համակիրների խոսք մեջբերել ու հայ հանրությանը ցույց տալ` իբրև թե Սփյուռքը համաձայն է արձանագրությանը,- ասաց Սառաֆյանը,- բայց Հայաստանը հայկական հարցի արծարծման հիմք չունի առանց Սփյուռքի»:

Սառաֆյանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում հիշեց նաև 2005թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե «Հայաստանը իրավական հիմք չունի՝ Թուրքիայից հող պահանջելու», այն դեպքում երբ այդ հողերը կորցրել է հենց Սփյուռքը, և նա պետք է պահանջատիրության հարցում հանդես գա:

«Ամենաշատ սպառնացող վտանգն այն է, որ Սփյուռքն ու Հայաստանը հիմա կսկսեն Ցեղասպանության խնդրի շուրջ տարբեր քաղաքականություններ վարել,- ասաց նա,- ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը շնորհավորել Շվեյցարիային` վերջինիս կողմից Ցեղասպանության ընդունման կապակցությամբ ու հետո Թուրքիային ասել, թե առանց նախապայմանների է բանակցություն վարում»:

Սառաֆյանի համոզմամբ`հայ-թուրքական հարաբերությունները խաղ է, որի մեջ մտնելուց առաջ պետք է նախապես ծանոթ լինել խաղի կանոններին:

Նրա խոսքով` նախագահի կողմից արձանագրությունը քննարկելու պաշտոնական հրավեր դեռևս չի եղել: Իսկ եթե հանդիպում լինի, կախված դրա ձևաչափից,ինքը ասելու է այն, ինչ ասաց լրագրողներին այսօրվա ասուլիսում:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply