Քաղաքացիական պայքարի արդյունք. Ժամը 16:00-ին կլինի պատասխանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 15:37

«Ժամը 16:00-ին ձեզ պատասխան կտան»: Այս մասին Մաշտոցի այգում հավաքված բնապահպան ակտիվիստներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: «Բարձր մակարդակով: Ես էլ ոչ մի բան չգիտեմ, իրենք կգան ամեն ինչ կասեն, ես փոխանցել եմ, որ դուք հաստատակամ եք»,-ասաց Մելքոնյանն ու հեռացավ:

Նշենք, որ այգում են հավաքվել բնապահպան ակտիվիստներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, սովորական քաղաքացիներ, այգու հարակից տարածքում ապրողներ: Նրանք նշեցին, որ հավատում ենք այս քաղաքացիական շարժման հաղթանակին ու հաստատակամ են իրենց պայքարում:

Մինչ այդ այգի եկած Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ասաց, որ հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ: Ըստ նրա, քաղաքապետն ասել է, որ ծառին մոտ գտնվող մեկ կրպակի վերաբերյալ արդեն որոշում կայացվել է, այն կապամոնտաժվի:
Ինչ վերաբերում է ոստիկանություն ակտիվիստների ներկայացրած հաղորդմանը, ապա Նազարյանն ասաց, որ այժմ ուսումնասիրվում է: «Մենք նյութերը կստանանք, և ըստ այդմ կորոշենք»,-ասաց Նազարյանը: Բնապահպանները նրանից խնդրեցին կասեցնել շինարարությունը, Նազարյանն էլ Մելքոնյանի ու մյուսների հետ հեռացավ խորհրդակցության:
Ակցիային մասնակցող «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանեիլյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ տաղավարների տեղադրումը օրենքը խախտում է այնքանով, որ էկոլոգիական փորձաքննություն ու լսումներ չեն եղել:

«Սակայն բացատրությունն այն է, որ սա միակ հնարավորությունն էր Աբովյան փողոցը փրկելու համար, և որ սրանք ժամանակավոր են, այստեղ «Հին Երևանի» մուտքն է լինելու, տաղավարները 1-2 տարվա կյանք ունեն, և որ հին պայմանագրերն այնպես են կնքված եղել, որ միանգամից հրաժարվել հնարավոր չէ»,-ասաց Դանիելյանը, ով երկու օր առաջ թեմայի վերաբերյալ այլ բնապահպանների հետ հանդիպել էր քաղաքապետին:
Նա նաև հույս հայտնեց, որ Ավանը կանաչապատ դարձրած Տարոն Մարգարյանը նույն շահագրգռվածությամբ կկանչապատի ողջ Երևանը:

«Եթե Մարգարյանը կարողացավ օլիգարխների առաջն առնել և այստեղ քաղաքի գոնե մի մասն այնպես անել, ինչպես Ավանում էր, մենք դրական փորձ կունենանք: Բայց որ այստեղ շատ մեծ փողերի դեմ է գնում կռիվը, դա ակնհայտ է, իսկ դա ամենադժվար կռիվն է»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Panorama.am

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply