Բնապահպանները չեն ընդունում քաղաքապետարանի փաստարկները /ֆոտոռեպորտաժ/

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 15:37

Մաշտոցի անվան զբոսայգում Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների վերատեղադրմանը դեմ բնապահպան ակտիվիստները բոլորովին այլ կարծիք ունեն քաղաքապետարանի ծրագրերի և դիրքորոշումների վերաբերյալ: Նրանք համոզված են, որ քաղաքապետարանի հիմնավորումները հակասում են ՀՀ օրենքներին և անհրաժեշտ չափորոշիչներին:

«Այս այգում իրականացվում է թեթև կոնստրուկցիաների շինարարություն, որի թույլտվությունը տրված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ին: Հիմնավորումը այն է, որ այստեղ պետք է տեղափոխվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները, սակայն թույլտվությունը տրված է շատ ավելի մեծ տարածքի համար և ավելի շատ կրպակների համար:  Քաղաքապետարանն ասում է, որ այս տաղավարներն այստեղ լինելու են ժամանակավոր, և համապատասխանում են գոտիավորման նախագծին: Մեր կարծիքն այս կապակցությամբ հակառակն է: Նախ ասեմ, որ գոտիավորման նախագծում այս տարածքի հետ կապված որևէ կառուցապատում չի նախատեսվում, գոտիավորման նախագծում, ընդհանրապես, ասվում է, որ կանաչ տարածքներում կարող են լինել տարածքի մինչև 10 տոկոսի չափով կառույցներ, սակայն այստեղ արդեն 10 տոկոսից ավել է այդ կառույցների զբաղեցրած տարածքը»,- բնապահպանների դիրքորոշումը ներկայացրեց «Թրանսփարենսի» ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացուցիչ, ակցիայի ակտիվիստ Սոնա Այվազյանը:

Նա ասաց նաև, որ եթե նախատեսվում էր գոտիավորման նախագծում ինչ-որ փոփոխություն անել, ապա դրա համար պետք է համապատասխան գործընթացներով ներկայացվեր բնապահպանական փորձաքննություն, որովհետև այս տարածքը 1500 քառակուսի մետրից ավել է, իսկ 1500 քմ-ից ավել տարածքներում նման գործունեություն իրականացնելու համար պետք է անցկացվի բնապահպանական փորձաքննություն, նույնիսկ եթե դրանք հիմնական շինություններ չեն: Նաև քաղաքապետը պետք է հասարակությանը իրազեկեր միջավայրի փոփոխության մասին և հանրային քննարկումներ կազմակերպեր, որը չի արել:

Իսկ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ով ներկայացնում էր այս ծրագրի փաստաթղթային հիմնավորումները, կարծում է, որ այգում կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի չեն:

Եկել էր նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով փորձում էր ոստիկանությանը և բնապահպաններին ներկայացնել այս կառուցապատումների փոստաթղթային հիմնավորումները:

«Այգին զբաղեցնում է 1 հեկտար 981 քառակուսի մետր: Գրանցված է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ` կառուցապատման իրավունքով` դեռևս 2004 թվականից: Քանի որ գրանցված է կառուցապատման իրավունքով, ապա կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է, գործող քաղաքաշինական նորմերի պահպանմամբ, հողային օրենսգրքով սահմնված նորմերով,  իրականացնել կառուցապատման աշխատանքներ: Ես կփոխանցեմ ոչ հիմնական շինությունների տեղադրման հաստատված նախագիծ, որտեղ քաղաքաշինական բոլոր նորմատիվները պահպանված են: Այսինքն` շինություններն ապօրինի չեն»,- քաղաքապետարանի տեսակետը հայտնեց Երևանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

«Եվ այսքանից հետո այս որոշումը կոչել օրինական, կարծում եմ` ծիծաղելի է»,- նշեց Սոնա Այվազյանը:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply