Մեկնարկեց «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 17, 2012 14:07
Եվրոպական միության խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ Երևանում այսօր մեկնարկեց «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովը: Նպատակը Հայաստանի գործընկերներին քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցության խրախուսման վերաբերյալ հստակ ուղենիշերի ներկայացումն է` ԵՄ լավագույն գործելակերպին համապատասխան:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսը, ով նշեց, որ այս քննարկումը կխրախուսի Հայաստանում քաղաքացիական հասարակությանն առավել ակտիվ և կազմակերպված լինել, իսկ Հանրային խորհրդին կներկայացնի բարեփոխումների ճանապարհներ:
Բացման խոսքով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, այն խորհրդարանները, որոնք համագործակցում են քաղաքացիական հասարակության կառույցների հետ, առավել արդյունավետ ու գործնական են լինում: Խորհրդարանի ղեկավարը կարևորեց նաև ՀՀ Հանրային խորհդրի գործունեությունն ու դրա դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ նկատեց, որ Հայաստանը գտնվում է քաղաքացիական հասարակության կայացման բարդ ու պատասխանատու գործընթացում` համոզմունք հայտնելով, որ այդ սեկտորը մեր երկրում ակտիվորեն զարգանում է: «Որքան զարգացած է քաղաքացիական հասարակությունը տվյալ երկրում, այնքան այդ երկիրը կանխատեսելի է: Մենք կուզենանք ունենալ քաղաքացիական հասարակություն ունեցող հարևաններ, որոնց հետ առավել հեշտ կլինի գործընկերային հարաբերություններ ստեղծել»,-նշեց նա:
Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, մատնանշելով կառավարման գործընթացում արդյունավետ որոշումներ կայացնելու կարևորությունը, ընդգծեց, որ որոշումներ կայացնելու գործում պետք է հնարավորինս տարբեր սոցիալական խմբերի կարծիքներ, շահեր ու նպատակներ ընգրկվեն: Այդ առումով Հարությունյանը բարձր գնահատեց Հանրային խորհրդի դերը` նշելով, որ այդ կառույցի առանցքային դերն ու նշանակությունը կայանում է հանրության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիրները մշակելը, փորձաքննության ենթարկելն ու համապատասխան մարմիններին ներկայացնելը` դրանց ուշադրությունը սևեռելով այդ խնդիրների լուծմանը»:
Խորհրդաժողովը կավարտվի վաղը` փետրվարի 18-ին:






Facebook
Tweet This
Email This Post
