Արվեստի քննադատության խնդիրներին կանդրադառնան Հայաստանի ու ևս 8 երկրների ներկայացուցիչները
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Գայանե Ասրյան | September 28, 2009 15:53
Նազարեթ Կարոյան, Եկատերինա Դեգոտ
Հայաստանում արվեստ կա, և այն պետք է ունենա քննադատական մոտեցումներ: «Քննադատությունը ներկայացնում է քաղաքական վիճակ. եթե քննադատություն կա, ուրեմն կա նաև քաղաքացիական հասարակություն»,-այսօր «Անցյալի և ներկայի միջև» գիտաժողովի անցկացման նախօրեին ասաց «Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի» նախագահ Նազարեթ Կարոյանը:
Ըստ Կարոյանի` այսօր արվեստի քննադատությունը ճգնաժամ է ապրում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. ժամանակակից արվեստը քննադատություն չունի. «քննադատությունը պարտադիր է, այն պետք է խաղա արվեստի խոսնակի դեր»,-ասաց նա:
«Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան» և «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան» սեպտեմբերի 29-30-ը Էրեբունի պլազայի բիզնես կենտրոնում կանցկացնեն «Անցյալի և ներկայի միջև» գիտաժողովը:
«Մենք արվեստում ունենք նույնական խնդիրներ, և այս գիտաժողովը գոնե կօգնի հասկանալ ինչից սկսել և ինչ անել»,-ասաց Ռուսաստանից ժամանած արվեստաբան Եկատերինա Դեգոտը:
Կարոյանն ասում է, որ այսօր արվեստն առևտրականացվում է, առաջանում է մասնավոր ուժերի ազդեցություն՝ արվեստի վրա: «Մենք փորձելու ենք ստեղծել պատնեշներ արվեստի մասնավորեցման սահմանների միջև, մշակվելու են կրթական ծրագրեր»,-գիտաժողովի անելիքներն է նկարագրում Կարոյանը:
Բանախոսները համոզված են, որ այսօր չկա «վայր և տեղ», որտեղ հնչեն արվեստի այս կամ այն ճյուղի հետ կապված առողջ քննադատություններ, գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում կփորձեն ցույց տալ արվեստի քննադատության անհրաժեշտությունը:
Գիտաժողովին կմասնակցեն Ֆրանսիայից, Լիբանանից, Իսրայելից, Իրանից, Ղրղսատանից, Վրաստանից, Ռուսաստանից արվեստաբաններ, արվեստի քննադատներ:






Facebook
Tweet This
Email This Post
