«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կհամագործակցեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 14:56

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» համագործակցության նախնական համաձայնություն արդեն ձեռք են բերել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ամենից շատ Դաշնակցության հետ են մեր տեսակետերը համընկնում, իսկ եթե ՀԱԿ-ի մեր գործընկերներն էլ միանային, ավելի ուրախ կլինեինք»,-ասաց նա և ավելացրեց, որ ՀՅԴ-ի հետ իրենց համագործակցության մանրամասների մասին կխոսեն միայն վերջական տեսքի բերելուց հետո:

Սաֆարյանի խոսքով` իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ արձանագրությունները ստորագրելու են ոչ թե արտգործնախարարները, այլ երկու հանրապետությունների նախագահները:

Նա կանխատեսեց նաև, որ մինչև հոկտեմբերի 10-ը երկու երկրների պաշտոնյաներն էլ  երրորդ պետություններից պարբերաբար զանգեր կստանան  ու այցելություններ կլինեն, որ երկու կողմերն էլ չկարողանան հրաժարվել փաստաթղթերի ստորագրումից, իսկ «ստորագրման պահին որևէ (երրորդ երկրի) բարձրաստիճան պաշտոնյա կնքահոր դերը կստանձնի»:

Անդրադառնալով հանրապետության նախագահի` սփյուռք կատարելիք այցելություններին` Սաֆարյանը դրանք չափազանց ուշացած և իմիտացիոն բնույթ կրող  համարեց՝ավելացնելով, որ նման քայլ պետք է արվեր գաղտնի բանակցություններից առաջ: «Հանդիպումները կլինեն կազմակերպված, և մասնակցելու հնարավորություն կունենան միայն այն խմբերը, որոնք դեմ չեն արտահայտվի արձանագրություններին, և ամեն ինչ կարվի, որ ՀՅԴ-ի մասնակիցները փոքրամասնություն լինեն»,-կանխատեսեց Սաֆարյանը՝ ենթադրելով, որ այդկերպ նախագահը հստակ հնարավորություն կունենա ասելու, որ սփյուռքն էլ է համաձայն իր հետ:

Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ակնկալել, որ աշնանը ԵԽԽՎ-ն կանդրադառնա Հայաստանի կամ Թուրքայի ժողովրդավարության վիճակին, քանի որ եվրոպական պետությունները ևս միացել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից խրախուսվող «այս խայտառակ փաստաթղթերին»:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply