Բնապահպանները կանխեցին շինարարության վերսկսումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 17, 2012 9:08

Մաշտոցի այգում արդեն վեցերորդ օրը նստացույց անող բնապահպաններին   երեկ  հաջողվեց այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել:

Բնապահպաններն արգելեցին «Սահակյանշին» ընկերությանը պատկանող բեռնատարին մոտենալ կիսակառույցին: Նրանք կանգնել էին ավտոմեքենայի առջեւ ու թույլ չէին տալիս, որ այն առաջ շարժվի: Բեռնատարի վարորդը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, թե այգուց չի հեռանա, մինչեւ բետոնը ավտոմեքենայից չտեղափոխի ապագա կրպակի տարածք: Սակայն մի քանի ժամ մնալով այգում` բեռնատարն այդպես էլ  չկարողացավ մոտենալ կառուցվելիք կրպակին: Մեքենան հեռացավ այն ժամանակ, երբ տարածք եկան Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Նրանք բնապահպաններին հավաստիացրեցին, թե ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:

Ակտիվիստներից Արմո Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք կշարունակեն պայքարել Մաշտոցի այգին բետոնապատումից փրկելու համար, թեեւ քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ այգում կրպակները անկախ ամեն ինչից տեղադրվելու են:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս մասնակցում էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպմանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ վերջիններս թեեւ ցույց տվեցին այգու կառուցապատման վերաբերյալ փաստաթղթեր, բայց, միեւնույն է, դրանք համոզիչ չէին: «Այդտեղ կային հակասություններ», – ասաց Փոստանջյանը, ով քաղաքապետարանից պահանջելու է ողջ տարածքի կառուցապատման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

«Դրանք տրվել են դեռեւս 2003 թվականին, բայց 2003 թվականի եւ 2011-ի հատակագծերը իրարից տարբերվում են», – ասաց Փոստանջյանը:

Մաշտոցի այգին հսկող բնապահպաններն այսօր ավելի վաղ խնդիրներ էին ունեցել նաեւ ոստիկանների հետ, ովքեր արգելել էին նստացույցի մասնակիցներին տեղացող ձնից պաշտպանվելու համար ծածկել կիսակառույց շինությունը: Խնդիրը լուծվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի միջամտությունից հետո:

 

Նաիրա Բուլղադարյան

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply