Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիեննայում կայացած Փարիզյան պակտի նախարարական համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 16, 2012 20:17


Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան Վիեննայում մասնակցեց Աֆղանստանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովին, որին ներկա էին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, շուրջ հինգ տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ալեն Ժյուպեի եւ Միխայել Շպինդելեգերի նախագահությամբ տեղի ունեցած նիստին ելույթ ունեցավ նաեւ Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ միջազգային հանրության պայքարում Հայաստանի ներդրումը  եւ վերահաստատեց  ՀՀ վճռականությունը շարունակելու ակտիվորեն աջակցել միջազգային ջանքերին, ներառյալ Փարիզի պակտին և այլ միջազգային նախաձեռնություններին, որոնց նպատակն է նվազեցնել և արմատախիլ անել թմրամիջոցների ապօրինի արտադրությունը, առևտուրն ու թրաֆիքինգը:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության պահպանման կապակցությամբ եւ կարեւորեց միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարների հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային  եւ տարածաշրջանային զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն առնչվող հարցեր:   Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը:

Վիեննայում հանդիպում կայացավ նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ դեսպան Իոն Օ’լիին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու դեսպան Օ’լին անդրադարձան Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իէմոն Գիլմորի` Հայաստան նախատեսվող այցին:

Հանդիպման օրակարգում էր նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առնչությամբ դեսպան Օ’լին վերահաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի փոխվարչապետ, Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայիլ Շպինդելեգերի հետ:

Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին այս տարի նախատեսվող Ավստրիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 

Հայաստանի ԱԳ նախարարի հաջորդ հանդիպումը Չերնոգորիայի արտգործնախարար Միլան Ռոչենի հետ էր:

Հանդիպման օրակարգում էին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական փոխգործակցության զարգացման, ապակենտրոնացված համագործակցության, Չերնոգորիայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցին առնչվող հարցեր:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց Ավստրիայի առաջատար «Der Standart» թերթին:

Նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

 

 

 

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply