Հիմնադրամի այս տարվա մարաթոնի տեսահոլովակի վրա 22 000 դոլար է ծախսվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2009 15:12
mhm43935-copy

Հայփոստի ու Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենները հուշագիր են կնքում

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու «Հայփոստ»-ը համագործակցության հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին 2009-ի հայաստանյան դրամահավաքի մեկնարկը:

«Շենացնենք հայրենիքը՝ մեր երեխաների համար» կարգախոսով փոստային դրամահավաքի նպատակն է կանխիկ դրամով նվիրատվություններ կատարելու հնարավարություն ընձեռել բոլորին:

Անցած տարի  եռապատկվել է Հայաստանում դրամահավաքի մասնակիցների քանակը`12 հազար մարդ` 12 միլիոն դրամ:

Հոկտեմբերի 1-ից մինչև տարեվերջ բոլոր փոստային բաժանմունքներում օպերատորներն անվճար կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն`տրամադրելով անվանական կտրոն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա վարդանյանն ասաց, որ 12-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի Լոս Անջելեսում` Գոհաբանության տոնակատարության օրը:

«Այս տարի նվիրատվությունները կուղվեն Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացման ծրագրերին, իսկ առանցքային թեման կլինի Շուշին: Հեռուստամարաթոնը կդիտի 50 միլիոն ընտանիք, իսկ կարգախոսն է`«Մեր Շուշին» »,-ասաց Վարդանյանը:

Գործադիր տնօրենի խոսքով՝ Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ 150 միլիոն դոլար արժողությամբ հիվանդանոց է կառուցվում: Արդեն երրորդ հարկի աշխատանքներն են ընթանում: Արցախում կառուցվում են նաև 7 նոր դպրոցներ: Աշխատանքներ կսկսվեն Շուշիում, կշարունակվեն` Ասկերանում, Հադրութում, Մարտակերտում: Գորիսում այս պահին կառուցվում է սրտաբանական բաժանմունք, ինչը կսպասարկի նաև արցախցիներին: Ընթացքի մեջ են մեծ ու փոքր 40 ծրագրեր:

Փարիզում գլխավոր հեռուստամարաթոնից մեկ շաբաթ առաջ`նոյեմբերի 19-ից 22-ը կանցկացվի նաև համաեվրոպական դրամահավաքը:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե արցախցիները դժգոհում են, որ  գումարները նպատակահարմար չեն օգտագործվում, ճանապարհները անորակ են, Վարդանյանը նշեց, որ «ժողովուրդը Հիմնադրամի աշխատանքները շփոթում է այլ կազմակերպության աշխատանքների հետ»:

«Մեր կողմից իրականացրած բոլոր ճանապարհները հանձնել ենք ԼՂՀ կառավարությանը, և վերջերս միասին անցել ենք այդ ճանապարհներով: Ժամանակի ընթացքում ճանապահարներն ունենում են խնդիրներ, դրանք ոչ թե որակի, այլ պահպանման խնդիրներ են»:

Վարդանյանը նշեց նաև, որ վերջին մարաթոնին հայաստանցիների մասկանցությունը չափազանց բարցր է եղել` 90 տոկոս: Ամենամեծ գումարը հասարակ քաղաքացիներից փոխանցել են Գյումրիից` 500 հազար դրամ, իսկ ամենից փոքրը` 10 դրամ:

Նոր մարաթոնը կունենա նաև նոր տեսահոլովակ, որի վրա հիմնադրամն արդեն ծախսել է 22 հազար դոլար, դեռ ծախսելու տեղ էլ կա: Թե «արդյոք ավելի նպատակահարմար չէր լինի դրա փոխարեն Շուշիում շենք կառուցել» հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց. «ոչ, որովհետև մարաթոնը ունենում է հովանավորներ, հովանավորների տրամադրված գումարներն ուղղվում են  դրա կազմակերպմանը, ինչի  դիմաց հովանավորները ստանում են գովազդ»:

Հիմանդրամը 17 տարվա ընթացում իրականացրել է  1000 ծրագիր` 200 մլն դոլար արժողությամբ:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply