Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ունի 5 գերակա ուղղություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2012 16:58

Հայտնի են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության այս տարվա գերակա ուղղությունները: Այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց այդ ուղղությունները և դրանց առնչվող որոշ մանրամասներ:

Առաջին գերակա ուղղությունը Հայկական ատոմակայանի անվտանգության հարցն է. քանի որ Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի պատճառներն ուսումնասիրելուց հետո Եվրամիությունն ընդունեց մի որոշում, համաձայն որի Եվրամիության տարածքում շահագործող բոլոր ատոմակայաններում պետք է վերանայվեն անվտանգության հետ կապված հարցերը և առաջարկեց Եվրամիության, ինչպես նաև մյուս երկրներում, ուր շահաագործվում են ատոմակայաններ, անցկացնել սթրես-թեսթ: Այս առումով 2012 թվականին գերակա խնդիր է կազմակերպել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահգագործման սթրես-թեստը:

Հաջորդ գերակա խնդիրը Երևանի ջերմաէլեկտրակենտրոն ՓԲԸ-ին է վերաբերում: Ըստ հանրապետության նախագահի հանձնարարականի` Երևանի հին և այժմ չօգտագործվող ՋԷԿ-ի բազայի վրա փորձել գտնել այնպիսի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ, որ հնարավորություն կտան կայանը հնարավորության սահմաններում շահագործելու:

“Քանի որ Ղարաբաղում ուսումնասիրություններ էին իրականացվում ածուխի պաշարների մասով և այնտեղ արդեն կային որոշակի գնահատված ածխի պաշարներ, որոշվեց այնպիսի լուծումներ գտնել, որ հնարավոր լինի, օգտագործելով գոյություն ունեցող, թեկուզ ցածր որակի ածուխը, էֆեկտիվ արդյունք ստանալ այնտեղ: Եվ որոշվեց սխեմա` “հին ՏԷՑ”-ի սարքավորումները վերափոխել` ջուր-ածխային վառելիքով աշխատելու: Այս տարի մեր գերակա խնդիրն է, որ կարողանանք Երևանի հին ՋԷԿ-ում այս նոր տեխնոլոգիայով կազմակերպել էլեկտրաէներգիայի արտադրությունը”,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանքավայրերի շահագործման,  օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրություններին ներկայացվող` միջազգային չափորոշիչներին  համապատասխան պահանջներով տեխնիկական կանոնակարգերի մշակման անհրաժեշտությունը և օրենսդրական առկա անհամապատասխանությունների բացահայտումն ու վերացումն է:

Նախարարության չորրորդ գերակա խնդիրը ընդերքի ոլորտում հողօգտագործման  գործընթացի կարգավորումն է:

Եվ վերջապես վերջին գերակա խնդիրը ՀՀ-ում էներգետիկ հաշվեկշռի մշակման և ներդրման խնդիրն է` միջազգային չափանիշներին համապատասխան:

“Առ այսօր Ազգային վիճակագրական վարչությունում դեռևս միջազգային ստանդարտներին համապատասխան չի իրականացվում այս գործընթացը, որովհետև պետք էր հասունացնել առաջնային, երկրորդային հաշվառման համակարգերը: Հիմա այդ համակարգերը հաշվառված են, և պետք է միջազգային մեթոդիկան ներդվի”,- պարզաբանեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply