Ուսանողները բարձրաձայնում են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2012 15:37

Փետրվարի 17-ին ժամը 13:30 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերանսների դահլիճում (կանաչ դահլիճ) «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության Ձայն» ծրագիրը կհրապարակի հայաստանի խոշոր ուսումնական կենտրոնների ուսանողության շրջանում արված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:  Հետազոտության թեման է «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում»:

Հետազոտությունը պարզել է, թե ուսանողները որքանով են տեղեկացված կրեդիտային համակարգի և ուսանողակենտրոն ուսուցման  վերաբերյալ, որքանով  է գնահատման համակարգը օբյեկտիվորեն արտահայտում ուսանողի գիտելիքներն ու կարողությունները, ուսանողների սովորելու մոտիվացիան, մասնակցությունը բուհի կրթության որակի ապահովմանը և մի շարք այլ խնդիրներ, որոնք ամիջականորեն ազդում են ուսանողակենտրոն ուսուցման կայացմանը Հայաստանում:

Առաջիկայում ուսանողները հետազոտության արդյունքները կներկայացնեն նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Նշենք, որ փետրվարի 17-ին ՈԱԱԿ «Ուսանողության Ձայն» ծրագիրը կնշի իր գործունեության մեկ տարին: Ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին դարձնել պահանջատեր իրենց կրթության նկատմամբ: Այն կյանքի կոչելու համար «Ուսանողության Ձայն» թիմի անդամները մեկամյա գործունեության ընթացքում  հայաստանյան մի շարք բուհերում ձևավորվել են անընդհատ ընդլայնվող ուսանողական ցանց, իրականացրել են բազմաթիվ հանդիպումներ և խմբային քննարկումներ,  ուսումնասիրել և բարձրաձայնել են ուսանողներին առավել հուզող խնդիրները:  Ծրագիրը միտված է ակտիվացնելու ուսանողների և կրթության  քաղաքականություն մշակողների միջև համագործակցությունը:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հայաստանյան բուհերի, միջազգային կրթական ծրագրերի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply