Որո՞նք են ավելացված արժեքի հարկով արվող գործարքներ

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 24, 2012 7:00

«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում նշված է, որ «Ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը, սույն օրենքի համաձայն, վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում»:

ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք), բացառությամբ «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված դեպքերի: Այս բնորոշման մեջ տեղ գտած առանձին  հասկացություններ ավելի մատչելի  դարձնելու նպատակով օրենքում տրվում են  դրանց սահմանումները:

Այսպես, ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` ֆիզիկական անձինք), ովքեր, գործատուների հետ կնքված պայմանագրերի համաձայն, հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ), ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:

«Ավելացված արժեքի մասին» ՀՀ  օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ԱԱՀ գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում հետևյալները.

1) Ապրանքների մատակարարումը. գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով: Ապրանքի մատակարարում է համարվում նաև ֆիզիկական անձանց պատկանող ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ կամ կիսակառույց), արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը):

Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (նաև անավարտ  կամ կիսակառույց, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը:

Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ կամ կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող ժառանգության զանգվածում ներառվող գույքը ժառանգին օտարելը ապրանքի մատակարարում չի համարվում:

2) Ծառայությունների մատուցումը. ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը:

3) Անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը. սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի:

4) «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ավետիք  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply