Որո՞նք են դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 19, 2012 16:09

Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կարևորագույն կանոն է նրա` օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պարտականությունը, ինչը նշանակում է, որ դատավորը չի կարող կամայականորեն հրաժարվել որևէ գործով արդարադատություն իրականացնելուց: Միաժամանակ, մեկ այլ հիմնարար կանոնի համաձայն, դատավորը պարտավոր է անկողմնակալ լինել: Ինչպե՞ս ապահովել դատավորի կողմից այդ կանոնին հետևելու հնարավորությունը: Ինչպե՞ս պետք է վարվի դատավորը, եթե կան հանգամանքներ, որոնք բացառում են նրա կողմից անկողմնակալ լինելու հնարավորությունը: Այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ դատական օրենսգրքով նախատեսվել է այնպիսի մեխանիզմ, ինչպիսին է դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելը:

Այդ օրենսգրքի 91-րդ հոդվածում սահմանված է. «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում,

3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Տվյալ իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք,

4) դատավորը գիտի, որ անձամբ նա կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով, և դատավորը չգիտի, որ հանդիսանում է տվյալ ընկերության բաժնետեր,

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա,

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:

Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2019 անգամ:
Print Friendly

Leave a Reply