Միայնակ թոշակառու ամուսինները զրկվել են նպաստից անձնագրայինի «մեխանիկական սխալի» պատճառով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 20, 2012 13:06

Տիգրան Մեծի 36 Դ-18 հասցեում բնակվող միայնակ թոշակառու ամուսիններն արդեն 2 ամիս է` չեն կարողանում քանդել իրենց բնակարանի շուրջ ստեղծված գորդյան հանգույցը: Բանն այն է, որ 2012 թ. «Փարոսի» պայմանագիրը հերթական անգամ վավերացնելու ժամանակ պարզել են, որ այս տարվանից զրկվում են 13,5 հազար դրամ ընտանեկան նպաստից, քանի որ պետությունից, իբր, թաքցրել են իրենց հասցեում երրորդ անձի գրանցված լինելու փաստը:

81-ամյա  Սիմիկ Մարտիրոսյանն ու 71-ամյա Սիրուհի Չոլագյանը երկար տարիների ամուսիններ են, զավակներ չունեն, և իրենց հասցեում, բացի իրենցից, որևէ մեկը երբևէ գրանցված չի եղել: Բայց արի ու տես, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի համակարգչի մեջ հակառակն է. այնտեղ հստակ նշված է, որ Տիգրան Մեծ 36 Դ-18 հասցեում  2009 թ. հունվար-օգոստոս ամիսներին, բացի ամուսիններից, գրանցված է եղել նաև  ոմն Վարդանյան Սերգեյ, որի մասին ամուսիններն առաջին անգամ են լսում: «Փարոսի» տեսուչը զանգահարեց և ասաց, որ Վերահսկիչ պալատը մեզ մոտ հայտնաբերել է այդ տվյալը, ուստի մեզ զրկել են նպաստից,- պատմում է տիկին Սիրուհին,- երբ զարմացանք` ասելով, որ նման բան հնարավոր չէ, ասացին, որ գնանք անձնագրային բաժանմունք և համապատասխան տեղեկանք բերենք»:

Թոշակառու կինը, տանը թողնելով հիվանդ ամուսնուն, սկսում է այս ու այն կողմ վազվզել. «Նախ գնացի Էրեբունու անձնագրային բաժին, և իսկապես, համակարգչում ցույց տվեցին, որ 2009 հունվարից մինչև օգոստոս ամիսները մեր հասցեում գրանցված է եղել այդ անձը, որի մասին մենք ընդհանրապես տեղյակ չենք,- ասում է նա,- ես խնդրեցի, որ համակարգչի մեջ նայեն, տեսնեն՝ ո՞վ է այդ անձը և գտնեն նրա ներկայիս հասցեն: Փաստորեն, մեր տուն են ներխուժել, դա էլ է գողություն: Ինձ ասացին՝ ինչ որ երեխա է, ոչ մի տվյալ չունի: Ասացի` բա եթե գրանցել եք էդ մարդուն, օդից ե՞ք գրանցել, հիմա էլ ասում եք ՝ չգիտենք ո՞վ է»:

Անձնագրային բաժանմունքի աշխատակիցները տիկին Սիրուհուն տեղեկացնում են, որ այդ պահի դրությամբ նրանց հասցեում միայն ինքն ու ամուսինն են գրանցված: Թոշակառու կնոջ խնդրանքը` գոնե դրա վերաբերյալ տեղեկանք տալ, մերժվում է այն պատճառաբանությամբ, թե անձնագրային բաժանմունքն այլևս նման տեղեկանքներ չի տալիս «Փարոսին»: Տարեց կինը ճարահատյալ գնում է «Փարոսի» Կենտրոնի սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին և հանդիպում պետին: Վերջինս նույնպես պահանջում է տեղեկանք այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում իրենց հասցեում այլ անձ գրանցված չի եղել: Էրեբունու անձնագրային բաժանմունքում, բնականաբար, չեն կարողանում նման տեղեկանք տալ, քանի որ փաստն այն էր, որ այդ ժամանակահատվածում նրանց հասցեում երրորդ անձ է գրանցված եղել: Կնոջը տրամադրում են տեղեկանք, որ այս պահին իրենց հասցեում այլ անձ գրանցված չկա, սակայն տրված տեղեկանքը որևէ արժեք չուներ, քանի որ նրանց նպաստից զրկել էին 2009-ի տվյալի պատճառով:

Մի օր էլ, երբ հերթական քաշքշուկի մեջ ընկած` տիկին Սիրուհին կրկին Կենտրոն վարչական շրջանի «Փարոսի» պետի մոտ է լինում, Վերահսկիչ պալատի երկու ստուգողներ նույնպես նրա մոտ են գալիս: Պետն, առիթից օգտվելով, ներկայացնում է թոշակառու ամուսինների խնդիրը, սակայն Վերահսկիչ պալատի ստուգողները բավականին կոպիտ տոնով տիկին Սիրուհուն խորհուրդ են տալիս, որ դիմի դատարան, եթե կարծում է, որ ճիշտ է: Տիկին Սիրուհին էլ պատասխանում է. «Դուք եք կեղծիք հայտնաբերել, դուք էլ մեզ դատի տվեք, իրականությունն էլ թող բացահայտվի: Ես դատերի փող չունեմ և ի վիճակի էլ չեմ դատական քաշքշուկների մեջ ընկնել մի բանի պատճառով, որից ընդհանրապես տեղյակ չեմ»:

«Փարոսի» տարածքային տեսուչը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչքան էլ իրենք հավատան թոշակառու ամուսիններին, միևնույն է, պետք է փաստաթուղթ լինի, որպեսզի կարողանան նպաստը վերականգնել. «Համենայն դեպս, պատասխանատվությունը ոչ թե «Փարոսինն» է, այլ անձնագրայինինը»,- նշեց նա:

Բարեբախտաբար, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանի հետ զրույցում պարզեցինք, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է, սակայն ամենազավեշտալին այն էր, որ խնդիրը  ներկայացվեց իբրև մեխանիկական սխալմունքի հետևանք:

Անձը, որը գրանցված է թոշակառու ամուսինների հասցեում, իսկապես անչափահաս երեխա է` նրանց դիմացի հարևանի աղջկա երեխան, որը ապրում է Զավարյան հասցեում` աղջկա ամուսնու տանը: Եթե անգամ տեղի է ունեցել սխալմունք, հարց է առաջանում` ինչո՞ւ էր այդ երեխան հաշվառվում իր մորական պապի բնակարանում, երբ այնտեղ չի բնակվում: Բացի այդ, անձնագրայինում 3 անգամ փոփոխված տվյալ են հաղորդել կնոջը:  «Գիտե՞ք, այստեղ ինչ-որ բան այն չէ, շատ հակասական փաստեր կան,- ասում է տիկին Սիրուհին,- անձնագրայինում նախ ասացին, որ 2009-ին է ինչ-որ մեկը գրանցված եղել մեր հասցեում` 3 ամսով, ապա ասացին, որ 2009-ի հունվարից օգոստոս ամիսներին է գրանցված եղել, երրորդ անգամ պարզվեց, որ 2007-ից մինչև 2009-ն է գրանցված եղել: Ի՞նչ է սա նշանակում…»:

Տիկին Սիրուհին ուզում է հավատալ, որ միջադեպն իսկապես սխալմունքի հետևանք է, սակայն որքան էլ մտածում է, չի կարողանում հասկանալ, թե ինչու հենց իրենց բնակարանի հետ նման բան կատարվեց, այն էլ` նման հակասական փաստերով:  «Մենք ամբողջ կյանքում ամեն ինչ օրենքի սահմաններում ենք արել,- ասում է 43 տարվա մանկավարժ-հոգեբանը,- մեզ համար խորթ են կեղծիքը, խաբեությունը, և ամենացավալին այն է, որ մեր անբասիր ընտանիքի երեսին ցեխ շպրտեցին, մեզ համարեցին խաբեբա ու կեղծարար և մեզ նպաստից զրկեցին այն դեպքում, երբ մեզ համար դա շատ կարևոր գումար էր»:

Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը մի քանի օր առաջ կանչել է տիկին Սիրուհուն և շատ ջերմ ու սիրալիր տոնով ասել, որ ամեն ինչ կանեն` իրենց կողմից թույլ տված սխալմունքը շտկելու և նրանց համապատասխան փաստաթուղթ տրամադրելու համար, որպեսզի հնարավոր լինի նպաստը վերականգնել: «Բայց ե՞րբ դա կլինի, և արդյոք կվերականգնե՞ն, արդեն ամեն ինչին կասկածում եմ,- ասում է թոշակառու կինը,- իսկ եթե անգամ վերականգնեն, ո՞վ պետք է փոխհատուցի մեր կրած բարոյահոգեբանական վնասը: Մեզ դարձրին խաբեբա, կեղծարար, մենք երկու ամիս է` սթրեսի մեջ ենք ապրում, էլ չեմ ասում, որ հիվանդ ամուսնուս թողած` էս ցրտին ստիպված եմ այս ու այն կողմ գնալ, քաշքշուկի մեջ ընկնել, թղթեր տանել-բերել, ինչ է` իրենք մեխանիկական սխալ են թույլ տվել: Չգիտեմ… Ուզում եմ հավատալ, որ դա իսկապես սխալմունք է, բայց, չգիտես ինչու, չեմ հավատում»:

Հ.Գ. Ի դեպ, պետական գերատեսչություններից մի պաշտոնյա «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ անձնագրային բաժանմունքներում նման «սխալմունքները» ավանդական բնույթ են կրում, և սխալմունքը հատկապես տեղի է ունենում միայնակ թոշակառուների հասցեների դեպքում:

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply