Որն է «Դժվար ապրուստի» ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 20, 2012 7:00

Մեր ազգը տառապում է «տղամեծարությամբ»: Սրա պատճառները բազմազան են ու խորը արմատներ ունեն, որոնք հասնում են  մինչև մեր պատմության խորքերը, երբ տղամարդիկ պատերազմ են գնացել ու հետ չեն եկել: Պատկերավոր ասած` տղամարդիկ միշտ «թանկ» են եղել` պայմանավորված պատերազմներով:  Սակայն հիմա պատերազմների ձևը, որակն ու տեղը փոխվել են. հիմա պատերազմների ժամանակ թիրախում են հայտնվում հենց  խաղաղ բնակիչները: Այսինքն` պատերազմների ժամանակ հենց խաղաղ բնակչությունն է տուժում` թե՛ կին, թե՛ տղամարդ: Այդուհանդերձ, մեր հիշողության մեջ դեռևս մեր պապենական հիշողությունն է արմատացած:

Մեր հասարակության մի մասն արմատական «տղամեծար» է, դա են ապացուցում նաև  սելեկտիվ աբորտների քանակը Հայաստանում, ուսման և աշխատանքի ժամանակ առավելությունը տղամարդկանց տալը և այլն: Ասում եմ մի մասը, որովհետև դրան զուգահեռ կա նաև այլ մոտեցում, այլ դիրքորոշում, երբ կանանց համահավասար են մոտնում: Այս մարդիկ, սակայն, մեծամասնություն չեն կազմում, և այս խմբի տղամարդիկ, երբ ասում են, թե հավասարը հավասարի պես  են մոտենում կնոջը, անպայման նրանց ասում են. «Երեսիդ 37 համարի կոշիկի տեղ ա երևում»:

Այս մարդիկ հիմնականում այն կարծիքին են,  որ կանայք իրավունք չունեն միանձնյա որոշումներ կայացնելու, նրանց բնածին հնարավորությունները սահմանափակ են, իսկ անհավասար հնարավորություններն ու իրավունքները բնական երևույթներ են: Այդ է, որ կա. աղջիկ երեխաներն արդեն իսկ անհավասար պայմաններում են մեծանում:

Վերջերս նման մի տեսարանի ինքս էլ ականատես եղա. աղջիկ երեխան ափսեներն է հավաքում, հոր համար ջուր բերում, կենցաղային գործերում օգնում մորը, տղա երեխան, հետևելով հոր օրինակին, ոչինչ չի անում, ինքը ևս հրահանգներ է արձակում, ստիպում, որ քույրն իր համար ջուր բերի: Ծնողներն ասում են. «Բնական է, բա ինչ պետք է անի»: Մինչդեռ սա այն դեպքն է, երբ չեն կարող ասել, թե «տղամարդը դուրսն է աշխատում, փող բերում, կինն էլ պետք է տանն աշխատի»:

Հետո աղջիկն արդեն եղբոր կամ հոր իշխանությունից ազատվելով` ընկնում է ընկերոջ կամ ամուսնու իշխանության տակ, այսինքն` գործընթացը շարունակվում է, այսպիսով, մենք հայտնվում ենք փակ շրջանում: Կինը սկսում է շահագործման ենթարկվել: Ահա թե ինչպես է լինում, որ կինը նաև տունն է պահում, աշխատում,  հետևում տան մաքրությանը, փաստորեն, անընդհատ աշխատում:

Այս նույն սկզբունքով էլ կառուցվում է ընտանիքի մոդելը, որտեղ արդեն իսկ արդարություն չկա, հետո նույն մոդելով էլ կազմավորվում է պետության մոդելը, որտեղ արդեն անհավասարությունը, անարդարությունը դրսևորվում է բոլոր հարաբերություններում, ձևավորվում են հասարակության մեջ անառողջ հարաբերություններ:

Ի՞նչ կապ ունի մեդիան

Վերը նկարագրված  պարզագույն ու շատ ամփոփ ներկայացված իրավիճակն իր բոլոր տխուր հետևանքներով գալիս է ամրապնդելու  մեդիան, հատկապես` հեռուստատեսությունը: Հեռուստատեսությունը, քանի որ Հայաստանում այն շարունակում է մնալ ամենազանգվածային լրատվական միջոցը:

Ընդհանրապես տրամաբանական է, որ հեռուստատեսությունը, բացի բիզնես լինելուց, պետք է նաև մի դրական բան տա դիտողին, կրթի, լուսավորի: Բայց ի՞նչ է կատարվում հայկական հեռուստաընկերություններում: Համատարած բիզնեսային տրամաբանությունը դուրս է թողել բոլոր մարդկայնորեն անհրաժեշտ երևույթները:

Քանի որ հեռուստաընկերությունների «համեղ պատառի» ժամերին միայն սերիալ են ցույց տալիս, ստիպված ենք նորից  վերլուծելու սերիալային իրականությունը:

Կարող է թվալ, թե  այդ սերիալներն ու հասարակությունում գոյություն ունեցող հարաբերությունները միմյանց հետ կապ չունեն, սակայն իրականում ճիշտ հակառակն է. հեռուստատեսությունն էլ է  կրթում, սերմանում որոշակի արժեհամակարգ:

Սակայն ստացվում է, որ հեռուստատեսությունն աշխատում է միան արդեն գոյություն   ունեցող կարծրատիպերի ամրապնդման ուղղությամբ: Այլապես, ինչո՞ւ են հեռուստաընկերությունները միայն նման բովանդակությամբ սերիալներ հեռարձակում, այնպիսիք, որոնցում կանայք  զրկված են իրենց բնական իրավունքներից, ստորադասված են ու համակերպված իրենց տրված կարգավիճակի հետ:

Կանանց նկատմամբ բռնությունների ռեկորդային քանակ է գրանցում «Արմենիա» հեռուստաընկերությունը: Այստեղ, բռնության տեսարանների մեջ, հատուկ տեղ են զբաղեցնում հենց կանանց նկատմամբ բռնությունները:  Այս իմաստով ամենաբարձր դիտելիություն ունեցող սերիալներից «Դժվար ապրուստը» պարզապես գերազանցում է բոլոր սպասելիքները:

Այս օճառային օպերայի արդեն իսկ գովազդային հոլովակը ցույց է տալիս, որ  դրա ամենամեծ արժանիքը ցուցադրվեղ բռնություններն են:

Ասինքն` մենք այնքան ենք հոգեպես դեգրադացվել, որ սերիալի պատասխանատուները կարծում են, թե մենք դա ենք ուզում, մենք բռնությունների կարիքն ունենք. մեր հասարակությունն ուզում է տեսնել, թե ինչպես է  ամուսինը ծեծում, ստորացնում կնոջը, ինչպես է որդին հարվածում, արհամարհում մորը, ուզում է տեսնել, թե ինչպես է հայրը բռնանում աղջկան, եղբայրը` քրոջը:

Ասվածն ապացուցելու համար բերենք մեկ տեսարան այդ սերիալից: Ֆիլմի գլխավոր հերոսը` Գոռը, ստիպում է քրոջը, որ վերադառնա  ամուսնու մոտ, որին չի սիրում: Քրոջն ամենակոպիտ խոսքերով դատապարտում է նման արարքի համար: Սակայն, ով զավեշտ, հենց նույն կերպ է վարվում ինքը. լքում է իր հղի կնոջը և, ուշադրություն, հնդկական կինոյի սկզբունքով, փախցնում սիրած աղջկան: Թեև աղջիկը` Էլենը, սիրում է նրան, այս քայլի մեջ ինքնին բռնության տարր կա:  Հարցն այն չէ, որ արդյունքը լավ է կամ վատ, այլ այն, որ սցենարի հեղինակը բարդ իրավիճակում հայտնվելիս լուծումը բռնության մեջ է տեսնում:

Գալով  «կինոյի տղու» կերպարի վերլուծությանը` պետք ասել, որ եթե հանենք սյուժետային մասը, տակը կմնա  այն, որ Գոռը եսասեր, անկայուն, հղփացած մեկն է, որ առանց հայրիկի մեկ օր անգամ չի կարող ապրել, որ պահանջում է կնոջից անվերջ համբերատարություն, հանդուրժողականություն, իսկ ինքը չի տալիս ոչինչ: Այսինքն` այս կերպարի միջոցով սերիալի ուղերձն այս է. «Կանա՛յք, եթե չեք ուզում ձեր ամուսիններին կորցնել, դիմացեք ստորացումներին, մի բողոքեք, որ նրանց չբարկացնեք,  ոչինչ, որ ձեզ ստորացնում են, ի՞նչ անենք»:

Տրամաբանական չէ՞ր լինի արդյոք, որ ֆիլմի գլխավոր հերոսը մի քիչ ուրիշ լիներ համատարած հակահերոսներից, արդյոք նրան չպե՞տք է նմանվեն, չէ՞ որ գլխավոր հերոսներին պետք է նմանվեն, ուզենան լինել նրանց պես, մինչդեռ այստեղ ճիշտ հակառակն է: «Նայիր գլխավոր հերոսին ու հասկացիր` ինչպիսին չպետք է լինի իսկական կնոջ կողքին կանգնած  տղամարդը»` ուղերձը սա՞ է:

Սերիալի հեղինակը վերջերս հարցազրույց տալիս հպարտորեն հայտարարել է, թե իրենք ներկայացնում են իրականությունը: Լավ, ո՞ր իրականությունը, սա ի՞նչ  իրականություն է, կյանքում շատ դրական բաներ կան, որոնք իրականությունն են արտացոլում, ինչո՞ւ դա չկա, ինչո՞ւ հավասար իրավունքներով կին և տղամարդ կերպարներ չկան, վերջապես, ինչո՞ւ ոչ մի ուժեղ կնոջ կերպար չկա այստեղ:

Ստացվում է` մենք պահանջարկ ունենք իրականում գոյություն ունեցող կյանքի սևումութ կողմերը դիտելու, թույլ կերպարների նմանվելու:

Հնարավոր է, որ նաև այս տեսակի սերիալների կարիք կա, սակայն սա չպետք է լինի համատարած  պարտադրանք, համատարած արտադրանք:

Մենք կարիք ունենք բարձրորակ հաղորդումների ու իրականության լուսավոր, օգտակար կողմերի պրոֆեսիոնալ ներկայացման:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply