«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին», եթե բնակարան կա
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Գևորգ Ավչյան | February 22, 2012 13:00
Մարզերում երիտասարդ ընտանիքները հիմնականում զուրկ են նորակառույց բնակարաններ ունենալու հնարավորությունից, որովհետև նոր բնակարաններ համարյա չկան:
2011-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: Նպատակը Հայաստանի երիտասարդ ընտանիքներին օգնելն էր բնակարան գնելու հարցում: Այս ծրագիրը հիփոթեքային վարկավորում է այսօր գործող շուկայական տոկոսադրույքներից զգալիորեն ցածր տոկոսներով` Երևան քաղաքի համար 8,5-9, մարզերի համար 6,5-7 տոկոս տարեկան տոկոսադրույքներով:
Այս ծրագրի շրջանակներում կարելի է բնակարան ձեռք բերել նաև մարզերում, բայց հարց է ծագում` մարզերում նոր բնակարաններ կառուցվո՞ւմ են, որ ձեռք բերես:
«Մենք հիմա բնակարանային շինարարություն ենք իրականացնում Մարալիկ քաղաքում, երևի մինչև ամսվա վերջ շահագործման կհանձնվեն 3 բազմաբնակարան շենքեր, և մայիսին ևս երկու բազմաբնակարան շենք: Ախուրյան համայնքում ենք 3 բազմաբնակարան շենք կառուցում, իսկ մնացած մարզերում այս տարի չունենք»,- «Անկախին» հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Նախարարի մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ պարզաբանեց, որ նախարարությունը տվյալներ ունի միայն պետական ծրագրերով իրականացվող բնակարանային շինարարության մասին: Իսկ մասնավոր հատվածի բնակարանային շինարարության մասին տվյալները պետք է ճշտել համայնքներից:
Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` մարզերում բնակարանային շինարարություն գրեթե թե չի իրականացվում, եթե հաշվի չառնենք աղետի գոտին: Դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Քանի որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները շահույթ հետապնդող կազմակերպություններ, ընկերություններ կամ անհատներ են, նրանց առանձնապես ձեռնտու չէ մարզերում բնակարանային շինարարությամբ և վաճառքով զբաղվելը: Այն պարզ պատճառով, որ շինարարական աշխատանքների ծախսերը նույնն են, ինչ մայրաքաղաքում, գուցեև ավելի թանկ շինանյութի տեղափոխման պատճառով, սակայն անշարժ գույքը, մասնավորապես` բնակարանները, անհամեմատ ավելի էժան են: Եթե շինարարական աշխատանքների ծախսերը հավասար են, իսկ ստացվող արդյունքն անհամեմատ էժան, էլ ինչո՞ւ պետք է մասնավոր հատվածի որևէ ներկայացուցիչ այդ պայմաններում գործունեություն ծավալի:
Մարզերում այսօր գրեթե բնակարանային շինարարություն չկա, եթե չհաշվենք այն դեպքերը, երբ մարդիկ իրենց ձեռքով իրենց տունն են կառուցում:
Մի հանգամանք էլ կա, որ կարող է խոչընդոտել մարզերում այս ծրագրից օգտվողներին: Քանի որ մարզերում նոր բնակարաններ համարյա չեն կառուցվում, հների գներն էլ որոշվում են ազատ շուկայական հարաբերություններում, դրանք երբեմն չեն համապատասխանում բանկերի պահանջներին և ավելի ցածր լիկվիդայնությամբ են հաշվարկվում, քան դրանց շուկայական արժեքն է, ու ծրագրի շահառուների մոտ առաջանում է ևս մեկ համապատասխան գրավի խնդիր:
«Մարզերում կարող ես բանկում գրավ թողնել մեկ այլ անշարժ գույք, օրինակ` ֆերմա կամ հող, չնայած հիփոթեքն այն վարկն է, որով գրավի առարկա է դառնում հենց այն անշարժ գույքը, որը դու ձեռք ես բերում: Դա բավականին լավ պայման է, որ այսօր Երևանում չկա»,- հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը:
Իսկ թե ինչքանով են նոր բնակարաններ չկառուցվելն ու հների բարձր գները անդրադառնում այս պետական թիրախային ծրագրի աշխուժության վրա, երիտասարդական քաղաքականության վարչության պետը պարզաբանեց. «Հարցը երկու կողմ ունի: Միանգամից ասեմ` այո, ինչքան շատ բնակարան կառուցվի, այնքան ավելի աշխուժություն կտիրի այս ծրագրի շրջանակներում: Բայց միաժամանակ եկեք ասենք, որ ծրագիրն ամբողջովին սոցիալական չէ: Որովհետև պետք է նաև հաշվի առնել մեր պետության այսօրվա հնարավորությունները, որոնք այս պահին այս մասով այսքան են: Դա հաշվի առնելով` ես այդպես միանշանակ չէի ասի, որ եթե բնակարանները շատանան, ապա մեր ծրագրով վարկ վերցնողներն էլ կտրուկ կշատանան: Միգուցե լինի ինչ-որ ավելացում, բայց չեմ կարծում, որ այն շատ մեծ կլինի: Առավել ևս, որ այստեղ խոսքը նոր կառուցված կամ նոր շահագործման հանձնված բնակարանների մասին չէ: Այնպես որ կապել իրար հետ ու ասել, որ եթե մարզերում շինարարության աճ լինի, ապա մեր նախարարության ծրագրով վարկ վերցնողների թիվը կշատանա, մի քիչ դժվար է: Որովհետև սա ավելի կոմպլեքս խնդիր է, այստեղ դեմոգրաֆիական հարցեր կան, աշխատանքի հարցեր և այլն, և միայն բնակարանի հարց լուծելով, այն էլ հիպոթեքով վերցված բնակարանի, չեմ կարծում, թե այս խնդիրը կլուծվի»:
Արժե նշել նաև, որ այս տարվա հունվարի վերջի տվյալներով` ծրագրի գործողության սկզբից ընդհանուր առմամբ տրամադրվել է 642 վարկ` 4 միլիարդ 868 միլիոն դրամի ընդհանուր ծավալով, որից 346 վարկը տրամադրվել է Երևան քաղաքում` 3 մլրդ 155 միլիոն դրամի սահմաններում, և 296 վարկ` մոտավորապես 1 մլրդ 713 միլիոն դրամ ընդհանուր ծավալով, մարզերում:






Facebook
Tweet This
Email This Post
