«Առաքիչս պետությանդ վնաս չի…»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | February 21, 2012 7:00
Զօրուգիշեր աշխատող մարդկանց մի ստվար խումբ պարբերաբար անախորժ վիճակներում է հայտնվում Հայաստանում պատշաճ չձևավորված գործարար միջավայրի պատճառով:
Խոսքը առաքիչների մասին է` մարդկանց, ովքեր տարբեր ֆիրմաների, կազմակերպությունների, ընկերությունների արտադրանքը կամ ապրանքները հասցնում են վաճառակետեր: Այս մարդիկ հաճախ հանդիպում են մի իրավիճակի, երբ ապրանքը տալիս են վաճառակետերին, խանութներին, սուպերմարկետներին և այլն, ու հետո, երբ գալիս է այդ ապրանքի դիմաց գումարը ստանալու ժամանակը, պարզվում է, որ տվյալ խանութները կամ սուպերմարկետները փակվել են:
«Իմ պրակտիկայում ամենաթարմը երկու դեպքերն են` մեկը Նոր Նորքի «Երիցյաններ» սուպերմարկետի հետ կապված (որը չպետք է շփոթել իսկական «Երիցյաններ» սուպերմարկետի հետ, քանի որ այն նույն տեղում նախկինում գործող «Երիցյաններ» սուպերմարկետի փակվելուց հետո հին մենեջերների ջանքերով է շարունակել իր գործունեությունը` անկախ իսկական «Երիցյաններ» սուպերմարկետների ցանցից, ուղղակի հին անունով է հայտնի) և երկրորդ դեպքը եղել է Պռոշյան փողոցում գտնվող «Լայն ֆուդ» սուպերմարկետի պարագայում, երբ ապրանքը տվել եմ, սակայն հետո, երբ եկել եմ համապատասխան գումարը ստանալու, տեսել եմ, որ փակվել են, ու չեմ իմացել, թե իմ գումարը ումից պետք է պահանջեմ»,- պատմեց հիգիենայի պարագաներ առաքող Հայկ Գևորգյանը:
Այս առնչությամբ առաջին միտքը, որ ծագում է, այն է, թե պետք է լինի մի մարմին, որը կանոնակարգի այս հարաբերությունները և ոլորտը, ձևավորի առողջ և վստահելի գործարար միջավայր, որպեսզի նման առևտրային փոխհարաբերությունների մեջ գտնվող սուբյեկտների իրավունքները պաշտպանված լինեն: Իսկ մտքովդ անցնող առաջին մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, որը գործարար միջավայրի բարելավման վարչություն ունի:
«Նախարարությունն այդ հարցում ընդհանրապես անելիք չունի: Դա մասնավոր դաշտի երկու սուբյեկտների միջև առկա փոխհարաբերություններ են: Երևի այդ մարդիկ իրենք պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն պայմանագրով կամ այլ կերպ: Իսկ մեր գործարար միջավայրի բարելավման վարչությունը զբաղվում է գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրավական և օրենսդրական ակտերի մշակմամբ, և մեր նախարարությունն իրավունք չունի խառնվելու մասնավոր հատվածի երկու սուբյեկտների գործարար փոխհարաբերություններին»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարի մամլո քարտուղար Սյուզաննա Հայրապետյանը:
Երկրորդ ենթադրվող մարմինը ֆինանսական հաշտարարի գրասենյակն է, որը զբաղվում է ֆինանսական գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև առկա վեճերի հարթմամբ: Բայց այս մարմինը ևս պատասխանատու չէ առաքիչ-խանութպան հարաբերություններում ծագող ֆինանսական վեճերի համար:
«Այդ ոլորտը մեզ չի վերաբերում, մենք ընդունում ենք բողոքներ միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների դեմ` բանկերի, ապահովագրական ընկերությունների, գրավատների, գործակալների, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի: Իսկ ձեր նշած ոլորտը չլիցենզավորվող գործունեության ոլորտ է, ուստի մեզ չի վերաբերում: Կարծում եմ` այդ ոլորտը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հիմունքներով: Չլիցենզավորվող գործունեության տեսակ է, ու այդ պատճառով չի կարող ինչ-որ մարմին լինել, որ պատասխանատու լինի այդ ոլորտի կարգավորման համար: Դա քաղաքացիաիրավական հարաբերություն է»,- ասաց ֆինանսական հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող և քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը:
Այս երկու մարմինների պատասխաններից հետո ծագող երրորդ միտքն էլ այն է, որ, իրոք, ինչո՞ւ նման դեպքերում առաքիչները պայմանագիր չեն կնքում խանութների, վաճառակետերի, սուպերմարկետների և մանրամեծածախ առևտրով զբաղվող այլ սուբյեկտների հետ, երբ նրանց ապրանք են տալիս: Չէ՞ որ պայմանագրի առկայության դեպքում առաքիչը կարող է դիմել դատարան և դատական կարգով ստանալ իրեն հասանելիք գումարները:
«Այդպիսի դեպքերը իմ պրակտիկայում շատ-շատ են եղել, որ ապրանքը կրեդիտով հանձնել եմ վաճառակետերին, հետո պայմանավորված ժամկետում գնացել եմ ու տեսել, որ խանութպանը ձախողել է իր գործը կամ սնանկացել է ու խանութը փակել է: Այդպիսի դեպքերում հարցուփորձով ման ենք գալիս, գտնում ենք այդ խանութպանին ու պահանջում ենք մեր գումարը: Այդ ժամանակ նրանք կա՛մ ապրանքով են իրենց պարտքը փակում, կա՛մ ուշացնում են գումարը, երբեմն ամիսներ ու տարիներ հետո են տալիս կամ չեն տալիս: Պայմանագիր, իհարկե, կապում ենք, բայց ապրանքի տիրոջը չի հետաքրքրում` խանութն է փակվել, խանութպանն է փախել, թե դու ես օգտագործել այդ ապրանքը, նա իր փողի տերն է: Պայմանագրով, իհարկե, կարող ես դատարան դիմել, բայց դրանից ավելի մեծ պրոբլեմների, քաշքշուկների մեջ ես ընկնում: Խնդիրն այն է, որ չգիտես, թե դատը երբ կլինի, դատարանը ինչ կորոշի, արդյոք մեղադրվողի սնանկության պատճառով չի՞ վճռի, որ այդ փողը պետք է մաս-մաս կամ շատ ուշ վերադարձվի, և այլն»,- պատմեց տարբեր ֆիրմաներում ավելի քան 20 տարի առաքիչ աշխատած Զարզանդ Հարոյանը:
Ուրիշ խնդիրներ էլ կան: Նախ` առաքիչները, երբ առաջին անգամ մտնում են մի փոքրիկ խանութ, որ առևտրաշրջանառության փոքր ծավալներ ունի, իրենց ապրանքներից թողնում են փոքր քանակությամբ: Իսկ այդ դեպքում ամեն մի գրիչի, տետրի, սանրի կամ այլ մանր ապրանքի համար խուսափում են պայմանագիր կնքել ու «հայկական ավանդական» մեթոդով բանավոր են պայմանավորվում: «Եթե ամեն մի մանրուքի համար պայմանագիր կապեմ, պատկերացնո՞ւմ եք, թե հարկային մարմինների հետ հարաբերություններս ինչքան կբարդացնեմ. նախ` կմեծանա թղթարարությունը, հետո` կսկսեմ չհիմնավորված հարկեր մուծել, հետո` ինքս էլ կխճճվեմ թղթաբանության մեջ ու այդպիսի բազմաթիվ հարցեր»,- նշեց խանութպան Արամը (ազգանունով չցանկացավ ներկայանալ):
Նույն հարկային և մաքսային մարմինների հետ «անտրամաբանական» քաշքշուկներից խուսափելու համար էլ հայտնի չէ, թե Հայաստանում գործունեություն ծավալող առաքիչներից քանիսն են գրանցված աշխատողներ: Իսկ եթե գրանցված չեն, ապա դատարանում լրացուցիչ խնդիրներ կառաջանան:
Մի խոսքով` սա մի ոլորտ է, որն ինչ-որ ձևով կարգավորվելու խնդիր ունի, քանի որ այստեղ բազմաթիվ մարդիկ են աշխատում, այն էլ զօրուգիշեր, որոնք պետք է պաշտպանված լինեն. գոնե տրամաբանությունը դա է հուշում:






Facebook
Tweet This
Email This Post
