Բարեկենդանի կերակրատեսակներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 16, 2012 11:06

Փաթիլա

Անհրաժեշտ է 2 բ. ալյուր, 1 ճ. գդ. ձեթ, 1 ճ. գդ. քացախ, 1 բ. ջուր. 100 – 150  գ հորած պանիր կամ տհալ, 2 ճ. գդ. յուղ՝ տապակելու համար:

Շաղել խմորը և վերածել փոքր գնդերի: Բացել յուրաքանչյուրը, մեջը դնել 1 ճ. գդ. պանիր կամ միս, փակել կիսալուսնաձև, ամրացնել ծայրերը, ձեռքով տափակացնել:

Տապակել տաք յուղի մեջ երկու կողմն էլ:

Բխբխիկ

Անհրաժեշտ է 200 գ ալյուր, 3 ձվի դեղնուց, 200 մլգ կաթ, 100 գր յուղ,  100 գր դոշաբ, 100 գր մեղր, 1 թեյի գդալ շաքարավազ, աղ:

Կաթը գոլացնել, ավելացնել ձվի դեղնուցը, աղը և ալյուրը: Պատրաստի խմորը թողնել հանգստանալու 3-4 ժամ: Հետո խմորը բաժանել ընկույզի մեծության գնդիկների:

Յուղը տաքացնել փոքր կաթսայի մեջ, թույլ կրակի վրա: Պատրաստի գնդիկները կարմրացնել յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան լցնել դոշաբ կամ մեղր:

Թոնչենամիճ

Անհրաժեշտ է 2 կգ սագի միս, 100 գ բրինձ, 100 գ շագանակ, աղ, սև պղպեղ, բահար, 150 գ ծիրանի չիր, 60 գ չամիչ, 2 պճեղ սխտոր, 1 կգ խնձոր:

Թռչնամիսը լվանալուց հետո համեմել աղով, բահարով, պղպեղով և սխտորով, թողնել 3-4 ժամ: Բրինձը կիսաեփ անել, ավելացնել թրջած չամիչ, ծիրանաչիր և թավայի մեջ դաղած ու մաքրած շագանակ: Այս ամենը լցնել սագի որովայնը, կարել, որպեսզի լցոնը չթափվի, դնել ջեռոցի ցանցի վրա` կրծքամիսը վերև, ցանցի տակ դնել տապակով ջուր: Եփել 160 աստիճան ջերմաստիճանի տակ` 2-3 ժամ: Ամեն 15 րոպեն մեկ ցողել հյութով, որպեսզի ավելի համեղ լինի: Մատուցել փռում եփած խնձորով:

Փախլավա

Կես լիտր գոլ կաթի մեջ բացել թթխմորը, լավ խառնել, մինչև թթխմորն ամբողջությամբ լուծվի, ավելացնել 5 ձու, աղ,  300 գր հալած յուղ, ալյուր և պատրաստել  պինդ խմոր: Այնուհետ ծածկել սրբիչով և 1-2 ժամ թողնել, որպեսզի խմորը հանգստանա, որից հետո բաժանել 3-4 գնդերի:

Յուրաքանչյուր խմորագնդից գրտնակով բացել բարակ շերտ: Թիթեղաշերտին յուղ քսել, խմորը փռել վրան, այնուհետ լցնել խորիզը, ծածկել խմորե բարակ շերտով: Այսպես`  բոլոր գնդերը:

Այնուհետ դեռ չթխված խմորը սուր դանակով կտրտել  փախլավաձև, վրան քսել ձվի դեղնուց և թխել սկզբում տաք, ապա մեղմ ջեռոցի մեջ: Երբ խմորը սկսի կարմրել, վրան լցնել մեղրաջուր և կրկին 10-15 րոպե թողնել տաք ջեռոցում:

Խորիզը. 600 գ ընկույզի միջուկը կամ նուշը ծեծել, ավելացնել շաքարավազ, համեմունք, դարչին, ծեծած մեխակ, հիլ, ամբողջը լավ խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված:

Սըռոն

Պատրաստում են խմորից: Այն կտրատում են մանր, թաթախում սխտորով համեմված մածնաթանի մեջ և լցնում խոր պնակի մեջ, վրան յուղ ավելացնում և ուտում: Տարածված էր հատկապես Բալուում:

Թանապուր

Ձավարը ջրում խաշել, ապա առանձին թասի մեջ ձուն ջարդել, լավ հարել, հետը թան կամ մածուն խառնել, գարու ալյուրով խյուս սարքել, լցնել ցորենի վրա: Վերջում սպասի վրա լցնել առատ յուղով սոխառած և կանաչի, լավ եփել: Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

 

Քալագոշ

1/2 կգ ոսպ

1/2  կգ սոխ

2 ճ.գդ. յուղ

1 լ մածուն

1 ձու

1 ճ.գդ. ալյուր

չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ)

չորացրած լավաշ

աղ:

Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա: Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա: Սոխը մանրացնել և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա: Մատուցել` ափսեի մեջ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխառածով կանաչին:

Պանըրհաց

2 լավաշ

100 գ թել պանիր

1 ճ.գդ. յուղ                                                                                                                                      եռման ջուր:

 

Մանրացնել լավաշը և թել պանրի հետ միասին շերտ-շերտ լցնել ափսեի մեջ:

Վրան լցնել եռման ջուր և թողնել, որ ներծծվի: Մի քանի րոպե անց թափել հավելյալ ջուրը, վրան լցնել յուղը և մատուցել:

 

Գաթա

խմորը

1/2 բ. մածուն

1/2 բ. շաքարավազ

1 ձու

2 թ. գդ. սոդա

ալյուր:

Միջուկը

1/2  բ.  յուղ

1/2  բ.  շաքարավազ

1 – 1,5   բ. ալյուր

Շաղախել խմորը, խառնելով մածունը, շաքարավազն ու ձուն, ապա ավելացնել սոդան և ալյուրը: Թողնել 15 րոպե, որ հանգչի: Այդ ընթացքում պատրաստել միջուկը` խառնելով յուղն ու շաքարավազը, ապա քիչ-քիչ լցնել ալյուրը, մինչև սկսի փշրվել:

Խմորը բացել, վրան լցնել միջուկից, ոլորել ինքն իր վրա,  երեսին քսել հարած ձու, հետո դանակով շերտել 1 սմ հաստությամբ, ապա եփել տաք փռում 15 – 20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:

 

 

 

Դիտվել է 2153 անգամ:
Print Friendly

Leave a Reply