Արդյոք ովքեր են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 22, 2012 7:00

Մարզասերները տեղյակ են, որ 2012-ը ամառային օլիմպիական խաղերի անցկացման տարի է: Եվ ահա չորս տարին մեկ անգամ կազմակերպվող այդ համալիր ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալելու է Լոնդոնը: Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ն Անգլիայի մայրաքաղաքում աշխարհի ուժեղագույն մարզիկները կվիճարկեն 30-րդ ամառային օլիմպիական խաղերի պարգևները:

Իրենց կարողությունները կփորձեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից ակնկալիքները մեծ են: 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր պատվիրակները տիրացել էին  բրոնզե 6 մեդալի: Աչքի էին ընկել երեք ծանրորդ, երկու ըմբիշ, մեկ բռնցքամարտիկ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խնդիր է դրել, որ Հայաստանի ներկայացուցիչները առաջիկա օլիմպիական խաղերում մեդալների գույնը փոխեն: Իսկ դա նշանակում է, որ մերոնք պետք է պայքարեն և փորձեն տիրանալ նաև արծաթե և ոսկե պարգևների:

Ի դեպ, 1952-ից սկսած, երբ ԽՍՀՄ-ի մարզիկները նորամուտը նշեցին ամառային օլիմպիական խաղերում, հայաստանցի 134 մարզիկներ են իրենց ունակությունները դրսևորել: Եվ նրանք  նվաճել են 17  ոսկե, 14 արծաթե և 15 բրոնզե մեդալ: Իսկ տարբեր երկրների և ԽՍՀՄ հավաքականներում ընդգրկված, միութենական հանրապետությունները ներկայացրած հայ մարզիկներն  իրենց հաշվին գրանցել են 19  ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Ընդհանուր հաշվով հայ մարզիկներն ամառային օլիմպիական խաղերում արժանացել են 36 ոսկե, 24 արծաթե և 26 բրոնզե պարգևի:

Նախկինում, Հայաստանի ներկայացուցիչները հիմնականում հաջողությունների  են հասել ԽՍՀՄ հավաքականի կազմում: Իսկ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մերոնք կիսանկախ կարգավիճակով միացյալ պատվիրակության կազմում հանդես եկան 1992-ին Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերում: Դրանից հետո Հայաստանը օլիմպիական խաղերին մասնակցում է առանձին հավաքականով:

 

Ինչ խոսք, ցանկալի է օլիմպիական խաղերում հնարավորինս շատ մասնակիցներ ունենալ: Բայց խաղերում հանդես գալու համար անհրաժեշտ է այդ իրավունքը նվաճել: Իսկ դա դժվար է, անհրաժեշտ է ուղեգրեր ձեռք բերել: Թերևս այդ է պատճառը, որ մարզիկների մասնակցելը օլիմպիական խաղերին արդեն մեծ նվաճում է համարվում:

 

Ինքնին հետաքրքիր է, թե Հայաստանից առաջիկա օլիմպիական խաղերում քանի մարզիկ իր կարողությունները կփորձի: Առայժմ այդ իրավունքն ունեն մեր երկրի 12 մարզիկ: Սակայն այդ թիվը կարող է ավելանալ, քանի որ օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարերը շարունակվում են:

Ներկայացնենք առաջադրանքն արդեն կատարած մեր օլիմպիականներին:

Հրաձիգ Նորայր Բախտամյանն առաջինն էր մեր մարզիկներից, որ օլիմպիական խաղերի մասնակցելու ուղեգրի արժանացավ: Ի դեպ, նա երրորդ անգամ է հանդես գալու այդ ստուգատեսում:

2011-ին Ստամբուլում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում վարկանիշը լրացրեց բրոնզե մեդալակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը ևս կարողացավ ուղեգրի խնդիրը լուծել: Ի դեպ, ըմբշամարտում պարտադիր չէ, որ օլիմպիական ուղեգրի արժանացած մարզիկը մեկնի մրցավայր: Նրա քաշային կարգում հնարավոր է օլիմպիական խաղերում հայտավորել այլ մարզիկի:

Իսկ ահա բռնցքամարտում այլ կարգ է` մրցավայր է մեկնում ուղեգիր բերողը: Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, թեև Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից, այդուհանդերձ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանն առանց ուղեգրի չմնաց, և նա էլ դուրս կգա օլիմպիական ռինգ:

Փարիզում էլ կազմակերպված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո, երբ ամփոփվեցին արդյունքները, պարզվեց, որ օլիմպիական մրցահարթակ կարող ենք դուրս բերել 4 ծանրորդի և 2 ծանրորդուհու: Հավաքականի մարզիկ-մարզուհիների ընտրության հարցը թողնվելու է մարզչական խորհրդի հայեցողությանը:

Լոնդոնում տարեսկզբին կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում անսպասելիորեն օլիմպիական ուղեգրի արժանացավ 19-ամյա մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանը 1996-ին Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերից հետո օլիմպիական ստուգատեսի մարմնամարզության մրցաշարում ներկայացուցիչ չի ունեցել:

Եվ ահա, նոր անակնկալ մատուցեց, վարկանիշը լրացրեց թհեքվանդոյիստ Արման Երեմյանը` կազանյան վարկանիշային մրցաշարում տպավորիչ հաղթանակ տանելով:

Դեռ ժամանակ կա: Հուսանք, որ առաջիկայում մեր մարզիկները նոր օլիմպիական ուղեգրեր կնվաճեն:

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply