Նոր անակնկալի սպասումով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 19, 2012 7:00

Թհեքվանդոն արևելյան մարտարվեստի մրցաձևերից միակն է, որն օլիմպիական խաղերի ծրագրում է: 2000-ից սկսած` այս մարզաձևի ներկայացուցիչները ուժերն են չափում նաև չորս տարին մեկ կազմակերպվող այդ համալիր ստուգատեսում: Եվ ահա, Հայաստանի թհեքվանդոյիստն առաջին անգամ հանդես կգա օլիմպիական խաղերում:

«Լոնդոն 2013»-ի մասնակիցների թվում կլինի 26-ամյա Արման Երեմյանը, որը օրերս Կազանում կազմակերպված օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարում զբաղեցնելով առաջին տեղը` վստահորեն տիրացել է օլիմպիական խաղերի ուղեգրի: Այդ մասին ահա ինչ ասաց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

– Արմանը 2008-ի Եվրոպայի չեմպիոն է, երեք անգամ բրոզնե մեդալակիր է դարձել Համաշխարհային ուսանողական խաղերում, և նրա ձեռքբերումն օրինաչափ է: Կազանում մրցակցությունը շատ լուրջ էր: Բավական է միայն այն փաստը, որ մասնակցում էին 39 երկրների ներկայացուցիչներ: Ընդ որում, ամեն երկրից հանդես էր գալիս 2-ական մարզիկ: Ուշագրավն այն է, որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն թհեքվանդոյիստներն անգամ կարող են մնալ առանց ուղեգրի, բաց թողնել օլիմպիական խաղերը: Բանն այն է, որ այդ ստուգատեսին մասնակցելու են ոչ թե 8, այլ միայն 4 քաշային` 58 կգ, 68 կգ, 80 կգ, + 80 կգ կարգերի ներկայացուցիչները: Այնպես որ բոլորի հնարավորությունները սահմանափակ են: Հայաստանից հանդես եկավ նաև 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանը: Փաստորեն, մեր երկիրը ուղեգրերի համար պայքարելու միայն 50 տոկոսի հնարավորություն ուներ: Վարկանիշային էր նաև 2011-ին Բաքվում կազմակերպված աշխարհի առաջնությունը, բայց հասկանալի պատճառներով մենք բաց թողեցինք այդ ստուգատեսը: Ի դեպ, Սամվելյանն էլ լավ հանդես եկավ: Նա հաղթեց շվեյցարացի թհեքվանդոյիստին, ապա մրցեց Իսպանիայի ներկայացուցչի հետ: Առաջին երկու ռաունդներից հետո Հայկազը հաղթում էր 4:1 հաշվով, այդուհանդերձ, ցավալի պարտություն կրեց:

Ինչ վերաբերում է Արմանին, ապա նա իրեն լավագույնս դրսևորեց: Սկզբում Երեմյանը հաղթեց չեխ Թոմաշ Հրդնային: Ապա մեր մարզիկն առվելության հասավ անցյալ տարվա աշխարհի չեմպիոն, գերմանացի Ալբերտո Սելեստրինի նկատմամբ: Ի դեպ, նա ազգությամբ կուբացի է և Արմանին հաղթել էր երկու տարի առաջ Կորեայում կայացած աշխարհի առաջնությունում: Բայց այս անգամ մեր մարզիկն ավելի լավ էր նախապատրաստվել, ընդ որում, վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել էր Իրանում: Երկու մարզիկի համար էլ այդ հանդիպումը ծանր էր: Սելեստրինը մրցամարտից հետո գրեթե ուժասպառ էր: Արմանի մյուս մրցակիցն էլ ավելի հեղինակավոր էր: Կուբացի Գարսիա Էմմին 2011-ի աշխարհի չեմպիոնն է, օլիմպիական խաղերի մրցանակակիր: Սակայն նա էլ չկարողացավ գտնել մեր մարզիկի դեմ պայքարելու «հակաթույնը» և մրցասպարեզից հեռացավ պարտված: Եզրափակիչն էլ չկայացավ, քանի որ հոլանդացի Թոմի Մոլետը հրաժարվեց պայքարից: Նրան տեխնիկական նոկաուտ գրանցվեց:

– Ի՞նչն էր պատճառը, որ նա չցանկացավ մրցել, վնասվա՞ծք ուներ:

– Հոգեբանական առավելությունը Արմանի կողմն էր, քանի որ եզրափակիչ տանող ճանապարհին նա արդեն հաղթել էր աշխարհի երկու չեմպիոնի: Հոլանդացին հաշվի առավ, որ մեր մարզիկն ուժեղ է, և անիմաստ համարեց մրցելը: Նա նույնպես  օլիմպիական խաղերի ուղեգրի է արժանացել և չցանկացավ «կոտրվել»:

– Դժվա՞ր չէր առանց մրցավարի այդպիսի ստուգատեսում հանդես գալը:

– Ինչ խոսք, այդ առումով դժվարություններ կային: Բայց ինձ նշանակել են Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի Ազնիվ խաղի և Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ:  Դա դեր խաղում է, քանի որ անարդարություններն անպատիժ մնալ չեն կարող: Այդուհանդերձ, Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան հնարավորն անելու է, որպեսզի առաջիկայում ունենանք միջազգային կարգի մրցավարներ:

– Մեր մարզիկն իր անունը հայկական սպորտի տարեգրությունում է գրել: Իսկ օլիմպիական խաղերին Արմանը միայն մասնակցելո՞ւ համար է ներկայանալու, թե՞ մեդալ նվաճելու խնդիր է դրվելու:

– Թհեքվանդոյում, եթե մարզիկը A կարգի միջազգային մրցաշարերի է մասնակցում և հաջողությունների է հասնում, ապա համապատասխան միավորներ է վաստակում: Երեմյանն ունի 50 միավոր: Դա բարձր ցուցանիշ է: Կարևորն այն է, որ դրա շնորհիվ նա օլիմպիական խաղերում սկզբում կմրցի համեմատաբար թույլ` աղյուսակի ցածր հորիզոնականներում տեղ զբաղեցրած թհեքվանդոյիստի հետ: Եթե հաշվի  առնենք, որ ընդամենը 17 երկիր օլիմպիական խաղերի մասնակիցներ ունի, ապա  դժվար չէ կռահել, որ երկու հաղթանակից հետո մեր մարզիկն իր համար կարող է առնվազն բրոնզե մեդալ ապահովել: Դա նրա համար իրատեսական է:

– Երեմյանի օլիմպիական խաղերի նախապատրաստվելու ծրագիր արդեն կազմվե՞լ է:

– Մեր թհեքվանդոյիստների համար եռուն շրջան է: Ապրիլի 4-ին  Եգիպտոսում մեկնարկելու է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ցանկանում ենք, որ մինչև այդ փորձությունը մերոնք կարողությունները փորձեն միջազգային ներկայացուցչական որևէ ստուգատեսում: Հնարավոր է, որ նրանք այդ նպատակով Իրան մեկնեն: Առաջիկայում` մարտ-ապրիլ ամիսներին  կազմակերպվելու է տարբեր տարիքային խմբերի Հայաստանի երեք առաջնություն: Մայիսի 1-ին Անգլիայում մեկնարկելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ստույգ հայտնի չէ` այդ ստուգատեսին Արմանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Բայց ցանկալի է, որ մինչև օլիմպիական խաղերը նա հանդես գա որևէ ստուգատեսում: Այդ է պատճառը, որ Երեմյանի մարզիչ Գևորգ Դանիելյանը դեռևս վերջնականապես չի որոշել, թե մեր մարզիկն ինչպես է նախապատրատվելու և որտեղ:

– Իսկ դրան ի՞նչ է խանգարում:

– Ցանկալի է, որ Արմանն այնպիսի երկրում նախապատրաստվի, այնպիսի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնի, որն այդ քաշային կարգում օիմպիական խաղերի մասնակից չունի: Չի բացառվում, որ որևէ մեկը Երևմյանին միտումնավոր վնասվածք հասցնի:

– Նախկինում Հայաստանի հավաքականն իրանցի մարզիչ է գլխավորել: Հնարավո՞ր է, որ այդ երկրի մասնագետներն օգնեն, թեկուզ` խորհրդատուի կարգավիճակով:

– Իրանն այդ քաշային կարգում օլիմպիական խաղերի մասնակից ունի, և ցանկալի չէ, որ այդ երկրից ներկայացուցիչ լինի մեր շտաբում: Ի դեպ, իրանցի մասնագետները նրանց կազմում էին, թեև այդ երկիրը մասնակից չուներ, և տեսագրում էին իրենց հնարավոր մրցակիցների հանդիպումները:

– Հայաստանում Երեմյանը մրցընկեր ունի՞, որպեսզի նախապատրաստվի:

– Արամ Սահակյանն է, սակայն նույն մրցակցի հետ շարունակ հնարավոր չէ մրցել, միմյանց  սովորում են: Մրցընկերներին անհրաժեշտ է փոխել, իսկ այդպիսի հնարավորություն չկա: Պետք է փորձենք այդ բացը լրացնել, այլ խնդիրներ չկան:

– Երեմյանը Հայաստանո՞ւմ նախապատրաստվելու, թե՞ արտասահմանում:

– Նա կմարզվի Հայաստանում, նաև արտասահմանում: Հավանական է, որ Արմանը Օսեթիա մեկնի, որտեղ կան  ուժեղ մարզիկներ, մարզիչներից մեկն էլ մեր հայրենակիցն է:

– Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը քանի՞ մարզիկով կմասնակցի:

– Երեքից-չորս: Արժանավորներ ունենք` Վարագ Աղաջանյան, Հայկազ Սամվելյան, Հենրի Մեջլումյան, Լևոն Փաշաբեզյան, Վարդան Վարդանյան, Արման Երեմյան, եթե վերջինս մասնակցի: Բոլոր դեպքերում սպասելիքներ լինելու են:

 

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply