Հանելուկային հիվանդություններ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | February 18, 2012 7:00
Մարդկությունը, ինչպես մոլորակի մնացյալ կենդանի էակները, իր գոյության ողջ ընթացքում տարբեր հիվանդություններով է հիվանդացել: Դրանց մի մասը հաղթահարվել է, մյուս մասը` պարզապես անցյալի գիրկն ընկել, մի մասն էլ դեռևս ուղեկցում է մեզ, ու չենք կարողանում արմատախիլ անել դրանք:
Այդ ուղղությամբ աշխատում են թե՛ գիտնականները և թե՛ բժիշկները: Փորձում են հիվանդությունները նվազագույնի հասցնել կամ գոնե դրանց բացասական ազդեցությունը վերացնել, ինչը միշտ չէ, որ հաջողվում է:
Հիվանդությունների առաջացման պատճառները երբեմն հաջողվում է պարզել, իսկ դա նշանակում է` հաղթահարելու ու բուժելու հավանականությունը մեծանում է: Սակայն շատ են այն հիվանդությունները, որոնք հանելուկային են համարվում:
Մորգելոնի համախտանիշը
Այդ հանելուկային հիվանդությունը վերջերս է ի հայտ եկել: Դրա ախտանշաններն իսկական գիտական ֆանտաստիկա են հիշեցնում. հիվանդների մոտ բաց վերքերից արհեստական թելիկներ են աճում: Որոշ բժիշկներ այյդ հիվանդությունը հոգեկան խանգարում են համարում, հալուցինացիաներով ուղեկցվող, սակայն մյուսները հաստատում են, որ հիվանդության ախտանշաններն իրական են:
Քրոնիկ հոգնածության համախտանիշ
Քրոնիկ հոգնածությունը ֆիզիկական ախտանշանների դասական օրինակ է, որոնք անբացատրելի են բժշկության տեսանկյունից: Այն ախտորոշվում է մնացած բոլոր հավանական պատճառները բացառելու սկզբունքով: Քրոնիկ հոգնածությունը արտահայտվում է ոչ միայն թեթև հոգնածության ձևով. երբեմն հիվանդները օրերով չեն կարողանում անկողնուց վեր կենալ:
Կրեյտցֆելդտ–Յակոբի հիվանդություն
Մի վարկածի համաձայն` սա ուղեղի հազվադեպ հիվանդություն է, որն ավելի հայտնի է որպես «արյունալի կատաղություն» ու կարող է փոխանցվել վարակված տավարի մսից: Հիմնականում այս հիվանդությունը մահացու ելք է ունենում: Ինչու է այն ակտիվանում հիվանդի մոտ` մինչ օրս անհայտ է:
Շիզոֆրենիա
Սա թերևս ամենատարածված հանելուկային հիվանդությունն է, որը մարդուն զրկում է իրականը երևակայականից տարբերելու ունակությունից: Ախտանշանները խիստ տարբեր են: Ներկայումս նույնիսկ թեստ գոյություն չունի, որը կարող է հստակ որոշել հիվանդության առկայությունը:
Աուտոիմունային խանգարումներ
Սա բոլոր այն խանգարումների անվանումն է, երբ առողջ օրգաններն ու օրգանիզմի նորմալ գործունեությունը սեփական օրգանիզմի կողմից ընկալվում են որպես թշնամի, օտար: Սովորաբար այդ խանգարումները քրոնիկ բնույթ ունեն, հյուծում են օրգանիզմը ու գրեթե չեն բուժվում: Բժիշկներն ընդամենը կարող են թեթևացնել հիվանդի վիճակը:
Ալլոթրիոֆագիա
Այն մարդիկ, որոնք տառապում են այս հիվանդությամբ, անուտելի իրեր և նյութեր ուտելու հակում ունեն (թուղթ, սոսինձ, աղբ): Սովորաբար ընդունված է նման հակումը բացատրել օրգանիզմում այս կամ այն նյութի բացակայությամբ ու պահանջով, սակայն բժիշկները չեն կարողանում գտնել դրա առաջացման պատճառները, հետևաբար և բուժման միջոցները:
Թռչնագրիպ
Փաստորեն, մարդիկ թռչունների գրիպի դեմ իմունիտետ չունեն: Ցավալին այն է, որ հիվանդությունը կարող է մուտացիայի ենթարկվել ու փոխանցվել մարդուց մարդուն: Վարակը տարածվում է թռչուններից, փոխանցվում մարդուց մարդուն, մահացությունը` 50%:
Սովորական մրսածություն
Չնայած հիվանդության այս տեսակը շատ տարածված է, դրա մասին շատ քիչ բան է հայտնի: Կարելի է հարյուրավոր գործոններ նշել, իսկ լավագույն բուժումը հաճախ ժամանակն է ու հավի արգանակը:
Ալցհեյմերի հիվանդություն
Չպետք է այս հիվանդությունը շփոթել սովորական մոռացկոտության հետ: Այն նյարդադեգեներատիվ հիվանդություն է` անհատական դրսևորումներով: Առաջացման պատճառները հստակ չեն ու, բնականաբար, բուժման արդյունավետ միջոցներ էլ չկան:
ՁԻԱՀ
Չնայած տարիների համառ պայքարին ու հետազոտություններին` ՁԻԱՀ-ը մնում է չհաղթահարված հիվանդություն:
ԱՐԹՐՈԶՆԵՐ. ՀԵՏԱՔՐՔՐԻՐ ՓԱՍՏԵՐ
Հին եգիպտական մումիաների անատոմիական հետազոտությունը լույս է սփռում հենաշարժողական ապարատի հիվանդությունների վրա: Պարզվել է, որ այն հեռավոր ժամանակներում օսթեոարթրիտն ամենատարածված հիվանդություններից է եղել: Գիտանականներ Էլիոթ Սմիթն ու Վուդ Ջոնսը բազում հետազոտությունների արդյունքներով հանգել են այն եզրակացության, որ Հին Եգիպտոսում այդ հիվանդությունը (ոսկրահյուսվածքի մեծ մասի ախտահարում) շատ ու հավասարապես էր տարածված տղամարդկանց , կանանց ու նույնիսկ կենդանիների մեջ: Հայտնաբերված մումիաների ու մարդկային մնացուկների մոտ մեծ մասամբ, ախտահարված են եղել ողնաշարի մեջքի կամ պարանոցի հատվածը (օսթեոխոնդրոզ): Նույնիսկ գաղափարագրերում կան ձևախախտող արթրոզով մարդկային պատկերներ: Գիտնականները ուսումնասիրություններով արթրոզների այս դեպքերում բացառել են սիֆիլիսը, տուբերկուլյոզը կամ էլ ռախիտը: Այլ հետազոտություններով հաստատվել է, որ ձևախախտումները ծանր աշխատանքի, ալկոհոլի հետևանքով չեն առաջացել: Ստացված տվյալները գիտնականներին հիվանդության պատճառներն ավելի վաղ անցյալում փնտրելու պատճառ են դարձել. մումիաների ու նրանց ոսկրահյուսվածքի ուսումնասիրությունն ապացուցում է, որ Հին Եգիպտոսում գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդը տառապում էր ձևախախտող արթրոզով: Արթրոզը հին աշխարհում ավելի տարածված է եղել ու ավելի անողոք, քան քաղցկեղը:
Հիվանդության ծագման մասին քիչ բան է հայտնի: Բնորոշ ախտանշաններից են ոսկրածայրերի կոշտացումները, ոսկրահյուսվածքի կառուցվածքի փոփոխությունը, հոդային ու հարհոդային հյուսվածքների առաձգականության կորուստը, տեղային այտուցները կամ էլ ցավով ուղեկցվող կամ նույնիսկ ցավի բացակայությամբ ձևախախտումը: Արթրոզի ախտանշանները հաճախ շփոթվում են հոդատապի (պոդագրա) հետ: Անճիշտ ախտորոշման պատճառը հիվանդությունների նմանությունն է, ավելի ստույգ` նյութափոխանակության խանգարումը: Երբեմն արթրոզն անվանում են ավելորդ քաշի հիվանդություն, այն հիշեցնում է ռևմատիզմ: Երբեմն այդ նմանության, երկու հիվանդությունների մանրէաբանական ծագման պատճառով սխալ ախտորոշում է կատարվում: Որոշ հետազոտությունների արդյունքում էլ արթրոզն ընդունվում է որպես նյարդային համակագի խանգարում:
Հետաքրքիր փաստեր
- Ամենավարակիչ հիվանդությունը համարվում է ժանտախտի թոքային տարբերակը, որը հայտի է նաև «սև մահ» անունով: Այն ողջ աշխարհում 75 մլն մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ XIV դարում համաճարակը հնձել է Եվրոպայի բնակչության մեկ քառորդը:
- Մարմնի ամենաբարձր ջերմությունը գրանցվել է 1980-ի հուլիսի 10-ին, Ատլանտայում, 52-ամյա Ուիլ Ջոնսի մոտ, որը ջերմային հարված էր ստացել: Նրա մարմնի ջերմաստիճանը հասել էր 46,5 աստիճանի` ըստ Ցելսիուսի: Հիվանդին դուրս են գրել 24 օրից:
- Մարմնի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1994-ի փետրվարի 23-ին, Կանադայում, 2 տարեկան Կառլ Կոզլոֆսկու մոտ: Պատահաբար երեխան 6 ժամ անց էր կացրել 22 աստիճան սառնամանիքում, իսկ նրա մարմնի ջերմաստիճանն իջել էր 14,2 աստիճանի:
- 1954-1994 թթ. ամերիկացի Չարլզ Յենսենին 970 անգամ վիրահատել են. հեռացրել նորագոյացություններ:
- Ամենաերկարատև վիրահատությունը կատարվել է 1951-ի փետրվարին ու տևել 96 ժամ: Այդքան ժամանակ է պահանջել Հերտրուդա Լևանդովսկու ձվարանի նորագոյացությունը հեռացնելու համար: Վիրահատությունից հետո կնոջ քաշը նվազել է 140 կգ-ով. մինչ վիրահատությունը կինը 280 կգ էր կշռում, իսկ հետո` 140 կգ:
- 1927-ին 42-ամյա կնոջ ստամոքսում 2533 օտար մարմին է հայտնաբերվել. նա տառապում էր ամեն ինչ կուլ տալու մոլուցքով ու բողոքում «փորի թեթև ցավից»:






Facebook
Tweet This
Email This Post
