Ով ինչ կշահի Սիրիայի ապակայունացումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 17, 2012 7:00

2011 թ. մարտից  մինչ օրս Սիրիայում զինված բախումների հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների,  զոհվել է մոտ 8000 մարդ, խաթարված է բնականոն կյանքը, երկիրը հայտնվել է  քաղաքական ու տնտեսական խոր ճգնաժամում: Ինչպես փաստում են շատ փորձագետներ, Սիրիայում քաղաքացիական պատերազմն արդեն իրողություն է:

Զինված բախումները սկզբնական շրջանում  տեղի էին ունենում  միայն երկրի մի քանի շրջաններում, առավելապես` Հոմսում, Սուեյդայում և այլ վայրերում, սակայն ռազմական ու տարաբնույթ ահաբեկչական գործողությունները ներկայումս  ընդլայնել են աշխարհագրությունը ` ընդգրկելով մայրաքաղաք Դամասկոսն ու Հալեպը: Սիրիայում երկու թևերի` Բաշար ալ Ասադի կողմնակիցների ու ընդդիմադիրների հակասություններն արդեն հասել են վտանգավոր աստիճանի  և պատերազմի անիվն են պտտում:  Ստեղծված իրավիճակն ըստ ամենայնի, ձեռնտու է Արևմուտքին, որը Սիրիայի հարցում համագործակցում է տարածաշրջանային իր դաշնակիցների հետ:

Հակամարտության մի կողմում սիրիական վարչակարգն է, պետական անվտանգության համակարգը  և հասարակության որոշ շրջանակներ, մյուս կողմում վարչակարգին ընդդիմադիր ուժերն են, որոնց շարքերը մի մասով համալրված են դասալիքներով: «Ընդ որում, Սիրիայի ընդդիմադիրներին աջակցում են նաև արտաքին ուժերը, և եթե չլիներ ընդդիմադիրներին տրամադրված ռազմական և ֆինանսական աջակցությունը, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները Սիրիայում նման դրամատիկ ձևով չէին զարգանա: Արևմուտքը տարածաշրջանային իր դաշնակիցների` Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, նաև միջազգային առանձին կազմակերպությունների` ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի միջոցով հետամուտ է Սիրիայում Ալ-Ասադի վարչախմբի տապալմանը, ինչը հնարավորություն կտա փոխելու Սիրիայի արտաքին քաղաքական ուղենիշները: Այդ պարագայում տարածաշրջանում ինչ-որ իմաստով կթուլանան նաև Իրանի և Հզբոլահի դիրքերը»,- մեկնաբանում է  Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայանը:

Հարկ է նշել, որ ընդդիմադիր ուժերը միասնական չեն: Նրանց մեջ կան շրջանակներ, որոնք համոզված են, որ Ալ-Ասադի վարչախումբն անհապաղ պետք է հեռանա իշխանությունից, և կողմ են երկրի ներքաղաքական զարգացումներում արտաքին գործոնի միջամտությանը: Ընդդիմադիրների մեջ առանձնանում է Ստամբուլում ստեղծված «Ազգային խորհուրդը», որ որոշակի արմատական դիրքերից է խոսում: «Առանձնանում են Սիրիայում գործող ազգային-լիբերալ ուղղվածություն ունեցող ընդդիմադիր ուժերը, որոնք կողմ են երկրում բարեփոխումների իրականացմանը և որոշակի նախապայմաններով իշխանությունների հետ երկխոսությանը: Այնպես որ ընդդիմադիրների մեջ նույնպես կան հակասություններ: Եվ, ի վերջո, ընդդիմության զինված թևն այսպես կոչված Ազատ սիրիական բանակն է»,-ասում է Ա. Փաշայանը:

Ինչպես արդեն նշվեց, Սիրիայի  անկայունությանը նպաստում է Արևմուտքի աջակցությունը ընդդիմադիրներին: Իր հերթին, Սիրիային աջակցում են Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, որոնց շահերից չի բխում Արևմուտքի դիրքերի վերջնական ամրապնդումը Մերձավոր Արևելքում: Փաստորեն, Սիրիայում բախվում են գերտերությունների շահերը, և Սիրիայի ներքին գործերում աստիճանաբար  մեծանում է միջազգային ուժերի միջամտությունը:

Սիրայի ներսում

Սիրիան էթնիկ և դավանական առումով միատարր երկիր չէ, այնտեղ կողք կողքի բնակվում են իսլամ և քրիստոնյա տարբերի համայնքների ներկայացուցիչներ: Միաժամանակ մեծամասնություն կազմող սունիներն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դժգոհ են փոքրամասնություն կազմող ալավիների` երկրի կառավարման համակարգում ազդեցիկ դիրքեր ունենալու հանգամանքից: Սակայն մասնավորապես Հաֆեզ Ալ-Ասադի, ապա որդու` Բաշարի կառավարման շրջանում Սիրիան առանձնանում էր որպես հանդուրժողական երկիր:  «Չի բացառվում, որ Սիրիայում մոտ ապագայում անխուսափելի լինի արտաքին ռազմական ինտերվենցիան, բայց թե որքանով այն կնպաստի իրավիճակի կայունացմանը, վիճահարույց է: Հնարավոր է, որ իրավիճակն ավելի բարդանա` վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի կամ քաոսի»,- նշում է Ա. Փաշայանը: Նրա կարծիքով` այս պահին Սիրիայի իրավիճակի փոփոխության հետ կապված կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է:

Հաջորդն Իրա՞նն է

Արդյոք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չե՞ն հարվածում անմիջապես Իրանի շահերին, և արդյոք հաջորդ պետությունը, որտեղ Արևմուտքը կցանկանա հեղափոխություն իրականացնել,  Իրանը չի լինի: «Իրանը, տարածաշրջանային այլ երկրների համեմատ, ավելի հզոր է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ այլ կողմերով, այնտեղ ավելի դժվար կլինի արտաքին միջամտություն իրականացնել»,-փաստում է Ա. Փաշայանը:

Իրանից բացի, մեկ այլ երկիր, որ նույնպես հավակնում է տարածաշրջանային գերակայության, Թուրքիան է` Սիրիայի հետ ամենաերկար սահմանն ունեցող և երկրի ապակայունացմանն աջակցող այդ երկիրը: Թուրքիայում է գործում Սիրիայի «Ազգային խորհուրդը»,  որ պահանջում է Ալ-Ասադի հրաժարականը: Իր ազդեցիկ հարևաններից Սիրիան այս պահին կարող է հույս դնել միայն Իրանի վրա, որին ոչ մի կերպ ձեռնտու չէ Սիրիայի ապակայունացումը:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply