«Հայաստան» համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Շուշիում ուսումնարան է կառուցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2012 12:29

«Հայաստան» համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով եւ կկրի ֆրանսահայ բարերարի անունը:

Երկհարկանի նորակառույց ուսումնարանը (ընդհանուրը` 4050քմ մակերես) նախատեսված է 225 ուսանողի համար: Ուսումնարանը կունենա հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները. կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստատեղ` օժանդակ նյութերի պահպանման ու պահեստավորման համար, ինչպես նաեւ կենտրոնական ջեռուցում: Արդեն սկսվել են կառույցի հողային աշխատանքները:

«Ուսումնարանը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական  կրթօջախների օրինակով` հիմնվելով Հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի մասնագիտական հանաձնաժողովի առաջարկությունների վրա:Դպրոցի մանկավարժական կազմը կվերապատրաստվի` ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական  մեթոդներով դասավանդելու նպատակով», -ասում է Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբինյանը, ով նաեւ ծրագրի գլխավոր համակարգողն է:

Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի սաները ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի, սալիկապատողի, սանտեխնիկի, էլեկտրիկի մասնագիտություններ եւ կհամալրեն տեղի աշխատանքային շուկան, որտեղ վերոհիշյալ մասնագետների մեծ պակաս կա:

«Ուսումնարանը կունենա ննջարանային մասնաշենք եւ կկարողանա իր հարկի տակ ընդունել նաեւ Արցախի եւ Հայաստանի մարզերից եկած ուսանողների: Այն կունենա տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաառաջատար կրթօջախը դառնալու բոլոր նախապայմանները», – նշում է «Հայաստան» Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

«Արցախն այսօր բանիմաց արհեստավորների մեծ կարիք ունի: Այս ուսումնարանը հիանալի հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան նախասիրություններ, ուզում են ձեռք բերել մասնագիտություն եւ լինել մրցունակ», – ասում է  Շուշիի վարչակազմի ղեկավար  Քաջիկ Խաչատրյանը:

«Սա իր նախադեպը չունեցող նախաձեռնություն է Հիմնադրամի պատմության մեջ»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Մենք հույս ունենք, որ մեր ֆրանսահայ բարեկամի նվիրատվության շնորհիվ կունենանք ոչ թե սոսկ ուսումնական հաստատություն, այլեւ մի կրթօջախ, որտեղ բարձրորակ արհեստավորների բազմաթիվ սերունդներ կկրթվեն»:

Արհեստագործական ուսումնարանը կառուցվում է Շուշիի արեւելյան թաղամասում, որը հավակնում է դառնալ ուսումնական թաղամաս, քանի որ . այստեղ են կենտրոնացված հումանիտար եւ երաժշտական դպրոցներ, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը:

 

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply