ԵՄ փորձագետների հետ համատեղ տեղի ունեցավ հերթական քննարկումը` օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտի վերաբերյալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2012 12:11

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ փետրվարի 15-ին անցկացրեց հերթական  քննարկումը` Հանձնաժողովի և ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԵՄ փորձագետներ պարոն Ֆաբիան Պապեն և պարոն Հանս-Հելմուտ Շնայդերը քննարկման մասնակիցներին  ներկայացրեցին օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը: Մասնավորապես Հ. Հ. Շնայդերն իր զեկույցում մանրամասնորեն անդրադարձավ եվրոպական քաղաքականությանը` ֆինանսական ծառայությունների ոլորտում: Փորձագետը ներկայացրեց ԵՄ հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունը` ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում` անդրադառնալով ինչպես ընթացիկ հաշիվների և հարակից ծառայությունների, այնպես էլ վճարային քարտերի և վճարային համակարգի շուկայի մրցակցությանը:

Պարոն Ֆաբիան Պապեն իր զեկույցում ներկայացրեց ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը` օդային տրանսպորտի ոլորտում, մասնավորապես անդրադառնալով այս դաշտում մրցակցությունը սահմանափակող գործելակերպերին, գերիշխող դիրքի չարաշահման և համակենտրոնացումների դեպքերին: Փորձագետը ներկայացրեց նաև Գերմանիայում ավիացիայի ոլորտում մրցակցությունը սահմանափակող մի քանի նախադեպեր:

ԵՄ փորձագետները մասնակիցների հետ միասին քննարկեցին  Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մի քանի գործեր` օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտների վերաբերյալ:

Նման քննարկումները հնարավորություն են տալիս տեղեկանալ միջազգային փորձին, լավագույն գործելակերպերին  և հետագայում կիրառել դրանք` այս կամ այն խնդրի արդյունավետ լուծմանը հասնելու հարցում:

Տեղեկացնենք, որ «Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկումը կազմակերպվել էր մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ԵՄ անդամ երկու պետությունների` Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ`2011-2013 թվականներին: Ծրագրի համընդհանուր նպատակն է   նպաստել Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը` ընդլայնելով ՏՄՊՊՀ-ի լիազորությունները եւ զարգացնելով մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման կարողությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 1.1 մլն. Եվրո

 

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply