Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայերը ձախողվեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 13:33
Արսեն Ջուլֆալակյանը ևս սպասելիքները չարդարացրեց
Դանիայի Հերնինգ քաղաքում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներն էլ մնացին ձեռնունայն: Ընդ որում, սպասելիքները նրանցից շատ մեծ էին:
Մեդալ նվաճելուն մոտ էր 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը: Նա հաղթեց իրաքցի Բաշիր Մոհամեդ Ալիին և Մոլդովայի ներկայացուցիչ Վլադիմիր Զապորոջանին, սակայն 1/4 եզրափակչում զիջեց ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովին: Այսուհանդերձ, մեր մարզիկը, առավելության հասնելով ճապոնացի Ցուտոմի Ֆուջիմիրուի և իրանցի Աֆշին Բաբամգարդի նկատմամբ, իրավունք ստացավ՝ վիճարկելու բրոնզե մեդալը: Սակայն նա անհաջողության մատնվեց կուբացի Պեդրո Մուլենի հետ գոտեմարտում: Սպասելիքները չարդարացրին նաև Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ): Վերջինս առաջնությանը մասնակցում էր ձեռքի վնասվածքով:
Թիմային հաշվարկով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 54 երկրների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրեց 11-րդ տեղը`15 միավոր: Հիշեցնենք, որ արծաթե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Ռոման Ամոյանը:
Իսկ առաջին երեք հորիզոնականներում են մեր սահմանակից երկրների` Թուրքիայի (44 միավոր), Իրանի (39) և Ադրբեջանի (38) հավաքականները:






Facebook
Tweet This
Email This Post
